«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դիմել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով օդանավակայանից հեռացնել ռազմական ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք ծանուցագրեր են բաժանում օդանավակայան ժամանող ՀՀ քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ խոսքը վարժական հավաքների մասին է։ Հայաստանի իշխանությունները որոշել են այս եղանակով կանխել հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցների հնարավոր մասնակցությունը։
Մարուքյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ մեկին փնտրելու պատրվակով, գտնվում են օդանավակայանի անցակետերում և ծանուցագրեր են բաժանում երկիր ժամանող ՀՀ քաղաքացիներին։ Նման վարքագիծը քաղաքական գործիչը որակել է որպես անհարգալից վերաբերմունք բանակի նկատմամբ։ Քանի որ վարչապետն ու պաշտպանության նախարարը նախընտրական արձակուրդում են, Մարուքյանը դիմել է ԳՇ պետին՝ պահանջելով ռազմական ոստիկաններին հեռացնել օդանավակայանից։ «Մի՛ խայտառակեք բանակը»,- կոչ է արել քաղաքական գործիչը։
«Մեկ ժամ ժամանակ եմ տալիս։ Եթե մեկ ժամ անց ռազմական ոստիկանությունը դեռ օդանավակայանում լինի…»,- սպառնացել է Մարուքյանը։