ԱՄՆ-ում մանկական առողջապահության ոլորտում 50 միլիոն դոլարի խարդախություն է բացահայտվել

ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները հինգշաբթի հայտնել են չորս հոգու, այդ թվում՝ Օհայո նահանգի երկու աշխատակիցների մեղադրանք առաջադրելու մասին՝ Medicaid-ին առնչվող շուրջ 30 միլիոն դոլարի խարդախության ենթադրյալ սխեմայի գործով, որը կապված է երեխաների վարքագծային առողջության ոլորտում կեղծ ծառայությունների մատուցման հետ, հայտնում է CBS News-ը։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ սխեման ներառում էր ամառային ճամբարներ, եկեղեցական խմբեր և ժամանցային ծրագրեր հաճախող երեխաների ու երիտասարդների թերապևտիկ և հոգեբանական ծառայությունների համար հաշիվների ներկայացում, այն դեպքում, երբ այդ ծառայություններն իրականում չեն մատուցվել։

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը Օհայոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ գործն ավելի լայնածավալ հետաքննությունների շարքի մի մասն է, որոնց շրջանակում վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է մոտ 50 միլիոն դոլարի խարդախություն, ներառյալ՝ 1,4 միլիոն դոլարի ՔՈՎԻԴ-վարկերի ապօրինի ստացման վերաբերյալ առանձին գործը։

Ըստ հետաքննությանը ծանոթ աղբյուրի՝ բոլոր չորս մեղադրյալները կամավոր ներկայացել են իրավապահ մարմիններին։ Գործի շրջանակում առգրավվել է նաև 14 լյուքս դասի ավտոմեքենա, դրանց թվում՝ Maserati, Mercedes, Bentley և McLaren:

Քննությունը պնդում է, որ սխեմայի մասնակիցները համակարգված կերպով բոլոր շահառուների մոտ ախտորոշել են «ադապտացիայի խանգարում», ինչը հնարավորություն է տվել հաշիվներ ներկայացնել Medicaid-ին, սակայն որևէ հետազոտություն կամ բուժում փաստացի չի իրականացվել։

Վճարումների ձևակերպման համար օգտագործվել են առաջնային ընդունելության հարցաթերթիկները և Medicaid-ի շահառուների համարները, մինչդեռ բժշկական թեստեր, ըստ գործի նյութերի, ընդհանրապես չեն անցկացվել։

Գործը ներկայացրել են ԱՄՆ արդարադատության նախարարության և խարդախության դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամները. խումբը ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակում և որը համակարգում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Վենսի ներկայացուցիչն անվանել է մեղադրանքները «գարշելի»՝ հայտարարելով, որ խարդախները երեխաներին զրկել են անհրաժեշտ ծառայություններից, իսկ գողացված միջոցները ծախսվել են շքեղ ավտոմեքենաների վրա։

Խարդախության դեմ ուղղված ընդհանուր արշավի շրջանակում Արդարադատության նախարարությունը հայտնել է նաև մի շարք այլ գործերի մասին, ներառյալ՝ ՔՈՎԻԴ-վարկերին առնչվող սխեմաները և տարեց ամերիկացիների դեմ ուղղված սիրային խարդախությունները։

Առանձին հաղորդվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կազմում Խարդախության դեմ պայքարի նոր ազգային ծառայության ստեղծման, ինչպես նաև ֆինանսական չարաշահումների սխեմաների բացահայտման նպատակով դաշնային և տարածաշրջանային կառույցների միջև տվյալների փոխանակման ընդլայնման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *