«Հրապարակ»․ Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները

Շուրջ մեկ տարի է՝ Բարձրագույն դատական խորհրդում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ընտրության գործընթացը հաջողությամբ չի ավարտվում` անհրաժեշտ թվով թեկնածուներ չեն անցնում մրցույթի հաջորդ փուլ։ Ավելի պարզ ասած` դիմողների մեծ մասը կտրվում է առաջին փուլում` չկարողանալով հաղթահարել նվազագույն անցողիկ շեմը: Արդյունքում՝ նոր դատավորներ չեն նշանակվում, եւ դատավորների պակասը շարունակում է մնալ դատական համակարգի լուրջ խնդիրներից մեկը։

«Հրապարակը» դեռ 2025 թվականի հոկտեմբերին անդրադարձել էր այս խնդրին։ Գրել էինք, որ դատավորների որակավորման քննությանը մասնակցած 36 թեկնածուից ոչ մեկը չի հաղթահարել 80 միավորի անցողիկ շեմը, ուստի որեւէ թեկնածու չէր անցել երկրորդ` հարցազրույցի փուլ։

Այդ քննության մասնակիցների թվում էին Սրբուհի Գալյանի խորհրդական Ներսես Զեյնալյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը եւ աղմկահարույց քրեական գործերի պաշտպանությամբ հայտնի դատախազ Հայկ Ավետյանը։ Ավետյանի անունը, ի դեպ, վերջերս հայտնվել է նաեւ հանրային քննարկումների կենտրոնում․ նա սոցիալական ցանցերում «հավանել» էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղիղ եթերը, որի ընթացքում վերջինս ընդդիմության հասցեին հայտարարություններ էր արել, նաեւ «հավանել» էր Սամվել Կարապետյանին ծաղրող, ֆոտոշոփով պատրաստված հրապարակում, մինչդեռ դատախազների, ինչպես նաեւ դատավորների դեպքում օրենքը քաղաքական չեզոքության պահանջ է դնում։

2025 թվականի հոկտեմբերի քննությունից հետո ԲԴԽ-ն նույն մասնագիտացման համար նոր քննություն անցկացրեց՝ 2026 թվականի հունիսի 23-ին։ Դատական դեպարտամենտի` մեզ տրամադրած տվյալների համաձայն, այս անգամ քրեական մասնագիտացմամբ դատավորի քննությանը մասնակցելու համար դիմել էր 32 անձ, որոնցից 30-ը չէր հաղթահարել 80 միավորի անցողիկ շեմը։ Մյուս երկու թեկնածուները՝ Ներսես Զեյնալյանն ու Հայկ Քամալյանը, նույնպես քննության սկզբնական արդյունքներով չէին անցել հաջորդ փուլ, սակայն նրանք բողոքարկել են քննության արդյունքները եւ բարելավել իրենց միավորը։ Ընդհանուր առմամբ, քննության արդյունքները բողոքարկել էր 12 թեկնածու։ Սակայն բողոքների քննարկումից հետո միայն Ներսես Զեյնալյանի եւ Հայկ Քամալյանի միավորներն են բարձրացվել, ինչի արդյունքում երկուսն էլ հաղթահարել են անցողիկ շեմը եւ ստացել հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք։ Ներսես Զեյնալյանի դեպքում թեստային առաջադրանքների նախնական գնահատականը եղել է 44, բողոքարկումից հետո դարձել է 50 միավոր, իսկ իրավական խնդիրների լուծման արդյունքը 26.5-ից` 31.5։ Արդյունքում՝ նրա ընդհանուր գնահատականը վերանայումից հետո կազմել է 81.5 միավոր, ինչը նշանակում է, որ նա անցողիկ շեմը հաղթահարում է։

Հայկ Քամալյանի միավորները թեստային առաջադրանքների մասով բարձրացվել են 1, իսկ իրավական խնդիրների մասով՝ 12 միավորով։ Արդյունքում՝ նա նույնպես հաղթահարել է 80 միավորի շեմը եւ անցել հարցազրույցի փուլ։ Բողոքարկումները քննել է հանձնաժողովը, որի նախագահը նախկին դատավոր, այժմ փաստաբան Սերգեյ Մարաբյանն է։ Հանձնաժողովի անդամներն են գործող դատավորներ Մակար Կիրակոսյանն ու Տիգրան Ոսկանյանը։ Այսպիսով, 2026 թվականի հունիսի 23-ի քննության նախնական արդյունքներով՝ 32 թեկնածուից միայն 2-ն էին հաղթահարել անցողիկ շեմը, այն էլ՝ բողոքարկման արդյունքում։ Մինչ այդ՝ 2025 թվականի հոկտեմբերին անցկացված քննության ժամանակ 36 թեկնածուից եւ ոչ մեկը չէր ստացել անհրաժեշտ 80 միավորը։ Որպես արդարացում կտրված թեկնածուների, թեստերին ծանոթ իրավաբաններն ասում են, որ դրանք բավականին բարդ են` երկիմաստ խնդիրներով հագեցած, եւ դա է պատճառը, որ դիմորդները համատարած կտրվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *