Մոտ 5300 տարի առաջ Ալպերում մահացած հանրահայտ Էցիի մարմինը շարունակում է զարմացնել հետազոտողներին։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մումիայի վրա պահպանվել են հին սառնասեր խմորիչներ, որոնցից մի քանիսը կենսունակ են մնացել նույնիսկ հազարամյակներ անց։ Ավելին, գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում աճեցնել այդ միկրոօրգանիզմները և օգտագործել դրանք թթխմորով հաց թխելու համար, գրում է Live Science-ը։
Հետազոտողների խոսքով՝ արդյունքը եղել է «շատ-շատ լավ»։
Էցին ապրել է դեռևս եգիպտական բուրգերի կառուցումից առաջ։ Նրա մարմինը հայտնաբերվել է 1991 թվականին Էցտալյան Ալպերի սառցադաշտերում՝ ներկայիս Իտալիայի և Ավստրիայի սահմանին։ Մշտական ցրտի շնորհիվ մումիան այնքան լավ է պահպանվել, որ տասնամյակների ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները կարողացել են պարզել նրա սննդակարգի, հիվանդությունների, ծագման և նույնիսկ կյանքի վերջին ժամերի մանրամասները։
Այժմ հետազոտողները որոշել են ուսումնասիրել մումիայի մարմնի վրա և ներսում բնակվող միկրոօրգանիզմները։ Վերլուծությունը ցույց է տվել, որ Էցին պարզապես հնագիտական օբյեկտ չէ, այլ մի ամբողջ էկոհամակարգ։ Նրա հյուսվածքներում պահպանվել են պղնձեդարյան ժամանակների հին աղիքային բակտերիաներ, սառցադաշտային միջավայրի միկրոօրգանիզմներ և ավելի ժամանակակից տեսակներ, որոնք հայտնվել են արդեն մումիան թանգարանային պահեստ տեղափոխելուց հետո։
Սառնասեր որոշ խմորիչներ նույնիսկ այսօր շարունակում են ակտիվության նշաններ ցույց տալ։
Առանձնահատուկ ուշադրություն են գրավել խմորիչների չորս տեսակներ, որոնք ունակ են գոյատևել զրոյից ցածր ջերմաստիճաններում։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց մի մասը կարող էր հայտնվել մարմնի վրա Էցիի մահից անմիջապես հետո և հազարամյակներ պահպանվել սառցե միջավայրում։ Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում հետազոտողները կարողացել են մշակել այդ միկրոօրգանիզմները և դրանց հիման վրա հացի համար թթխմոր պատրաստել։
Փորձը հաջող է եղել, և այժմ գիտնականները նույնիսկ դիտարկում են հին խմորիչները գարեջրի արտադրության մեջ օգտագործելու հնարավորությունը։
Ուսումնասիրությունը նաև ավելի լուրջ արդյունքներ է տվել։ Էցիի աղիքներում հայտնաբերվել են բակտերիաների տեսակներ, որոնք արդյունաբերական երկրների ժամանակակից բնակիչների մոտ գրեթե անհետացել են։ Սա թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է վերջին հազարամյակների ընթացքում փոխվել մարդու միկրոբիոմը՝ սննդակարգի, սանիտարիայի, հակաբիոտիկների և կենսակերպի ազդեցության տակ։
Գիտնականները կարծում են, որ մումիան կարող է ծառայել որպես յուրահատուկ պատուհան դեպի հին առողջության և միկրոօրգանիզմների էվոլյուցիայի աշխարհ։
Աշխատանքի հեղինակները ընդգծում են, որ Էցիին չի կարելի համարել «անցյալի սառեցված պատկեր»։
Նույնիսկ հինգ հազարամյակ անց նրա մարմինը մնում է բարդ կենսաբանական համակարգ, որի մեջ տարբեր միկրոօրգանիզմներ շարունակում են գոյություն ունենալ և փոխազդել միմյանց հետ։