ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեպի Վիսկոնսին նահանգ թռչող նախագահական Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ պատերազմի պատճառով արգելափակված Հորմուզի նեղուցով շարունակում է «հսկայական քանակությամբ» նավթ անցնել, ինչի մասին համաշխարհային հանրությունն անգամ չի էլ կռահում, հայտնում է CBS News-ը։
Ըստ ամերիկացի առաջնորդի՝ հենց այդ թաքնված լոգիստիկ հոսքերն են հումքի արժեքը պահում մեկ բարելի դիմաց 97 դոլարի սահմաններում՝ թույլ չտալով, որ այն թռչի մինչև վերլուծաբանների կանխատեսած 300 դոլարը։
«Ես չեմ ցանկանում կոնկրետ թվեր նշել, բայց նավթ շատ է գնում։ Շատ նավթ է մտնում մեր երկիր և համաշխարհային շուկա, և մարդիկ անգամ չգիտեն դրա մասին»,- ընդգծել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նախագահը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ Ռազմածովային ուժերը ներգրավված են նեղուցի վտանգավոր գոտով լցանավերի ուղեկցման և անցկացման գործում։
Թրամփը վստահություն է հայտնել, որ մերձավորարևելյան ներկայիս ճգնաժամը կարգավորվելու է կարճ ժամկետներում։ «Երբ այս ամբողջ իրավիճակը լուծվի, իսկ դա շատ ժամանակ չի խլի, այսպես թե այնպես ամեն ինչ կարվի, նավթի գներն ընկնելու են այնպիսի մակարդակի, որը, հնարավոր է, ավելի ցածր լինի, քան մինչև պատերազմի սկսվելը»,- խոստացել է նա։
Ավելի ուշ, արդեն Վիսկոնսինում վայրէջք կատարելուց հետո, որտեղ Թրամփը նախապես ծրագրած հանդիպում ուներ ամերիկյան ֆերմերների հետ, նա կարճ հավելել է, որ «Իրանի հետ կապված իրավիճակը, կարծես թե, բավականին հաջող է առաջ գնում», սակայն մամուլի լրացուցիչ հարցերին չի պատասխանել։