Հույս ունենք՝ պաշտոնյաները կմիջամտեն և գոնե տնային կալանք կկիրառվի. Ալվարդ Զաքարյան

Դատախազության շենքի դիմաց իրականացվող նստացույցը, ըստ կազմակերպիչների, նախատեսվում է անցկացնել շուրջ մեկ շաբաթ, սակայն մասնակիցները հույս են հայտնում, որ խնդիրը ավելի շուտ լուծում կստանա։

Oragir.News-ի հետ զրույցում Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի հետազոտող Ալվարդ Զաքարյանը նշեց, որ ակցիայի նպատակն է հասնել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի փոփոխությանը։

«Հույս ունենք, որ մի շաբաթ չի տևի, և այդ տղան չի շարունակելու տանջվել։ Նույնիսկ խոսվում է, որ նրան կարող են անվասայլակով տեղափոխել բանտ, ինչը լրացուցիչ մտահոգիչ է»,- ասաց նա։

Զաքարյանը կոչ արեց նաև իշխանություններին՝ ցուցաբերել մարդասիրական մոտեցում։

«Հույս ունենք, որ համապատասխան պաշտոնյաները միջամտություն կունենան և գոնե տնային կալանք կկիրառվի։ Խոսքը մի երիտասարդի մասին է, որը, մեր գնահատմամբ, ծանր հանցագործություն չի կատարել»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ դեպքի տեսանյութը, որը տարածվել է հանրության շրջանում, չի պարունակում ակնհայտ հանցակազմի տարրեր, սակայն, այնուամենայնիվ, երիտասարդը շարունակում է կրել պատիժ։ Զաքարյանը նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը կարող է ունենալ ավելի լայն քաղաքական ենթատեքստ։

«Սա միայն մեկ անձի դեպք չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ ձևավորվում է վախի մթնոլորտ, որպեսզի քաղաքացիները խուսափեն ակտիվ դիրքորոշումից»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը նպաստում է հասարակական ապատիայի խորացմանը։

«Երբ մարդիկ տեսնում են նման դեպքեր, առաջանում է անճարության զգացում, ինչը բերում է նրան, որ նրանք հեռանում են քաղաքական գործընթացներից»,- նշեց Զաքարյանը։ Միևնույն ժամանակ, նա կարևորեց քաղաքացիական ակտիվությունը՝ ընդգծելով, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է շարունակել բարձրաձայնել խնդիրները։

«Թեպետ մենք դեռևս չունենք լիարժեք իրավական պետություն, այնուամենայնիվ փորձում ենք ակցիաներով ուշադրություն հրավիրել և ցույց տալ, որ հասարակությունը անտարբեր չէ»,- եզրափակեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *