Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը․ տեղեկանում ենք Դատախազությունից։
«Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:
Մասնավորապես, Շ.Կ.-ն հափշտակել է՝ համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը, ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը, 0․43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը, համայնքին ՀՀ ՊՆ-ի նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան, «Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան և բնակավայրի մի շարք վարելահողեր՝ հեկտարներով։
Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:
Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրությունում։