Volkswagen-ը կարող է «էժան» Golf մեքենաները վերադարձնել ԱՄՆ. ամեն ինչ կախված է մաքսատուրքերից

Գերմանական Volkswagen ավտոարտադրողը կարող է ամերիկյան շուկա վերադարձնել Golf մոդելի ավելի մատչելի տարբերակները: Սա կապված է այն ծրագրերի հետ, ըստ որոնց՝ 2027 թվականին մեքենայի արտադրությունը Գերմանիայից տեղափոխվելու է Մեքսիկա։ Այս մասին գրում է Jalopnik-ը։

Արտադրության տեղափոխումը թույլ կտա ընդլայնել Հյուսիսային Ամերիկայի համար նախատեսված մոդելային շարքը։

Հիշեցնենք, որ Volkswagen Golf-ի բազային տարբերակը ԱՄՆ-ում դադարեցրել էին վաճառել 2021 թվականից, իսկ SportWagen և Alltrack մոդիֆիկացիաները շուկայից հանվել էին դեռ 2019-ին։ Այսօր ամերիկացի սպառողներին հասանելի են միայն մեքենայի թանկարժեք տարբերակները՝ Golf GTI-ն և Golf R-ը, որոնց գինը գերազանցում է համապատասխանաբար 36 հազար և 50 հազար դոլարը։

Ըստ ընկերության ռազմավարության և գերմանական արհմիության հետ ձեռք բերված համաձայնության՝ Golf-ի արտադրությունը Մեքսիկայի Պուեբլա քաղաքի գործարան կտեղափոխվի մինչև 2027 թվականի դեկտեմբերը: Հենց այս քայլն էլ հող կնախապատրաստի, որպեսզի հանրաճանաչ մեքենայի տարբեր կոնֆիգուրացիաները կրկին հայտնվեն ամերիկյան սրահներում։

Volkswagen Group of America-ի գլխավոր տնօրեն Քյել Գրյուները Automotive News-ին տված հարցազրույցում նշել է, որ Հյուսիսային Ամերիկայում այս կոմպակտ հեչբեքի արտադրությունը «նոր հորիզոններ կբացի Golf-ի մյուս տարբերակների համար»։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հստակ որոշումներ այս պահին դեռ չկան։

Մոդելային շարքի հնարավոր ընդլայնումը մեծապես կախված կլինի առևտրային պայմաններից, հատկապես՝ Մեքսիկայից ԱՄՆ ներկրվող մեքենաների մաքսատուրքերից։ Գրյուների խոսքով՝ 25 տոկոսանոց մաքսատուրքերի դեպքում Golf-ի բազային տարբերակի վաճառքն ամերիկյան շուկայում պարզապես ձեռնտու չի լինի։

Նա նաև ընդգծել է, որ եթե սակագները նվազեն և հասնեն մոտ 15 տոկոսի (ինչը գործում է մի շարք այլ երկրների համար), ապա պատկերը կտրուկ կփոխվի հօգուտ ավտոարտադրողների։

Ընկերությունում կարծում են, որ ավտոմեքենաների ընդհանուր թանկացման ֆոնին մատչելի ու կոմպակտ հեչբեքը կարող է լրացնել Volkswagen-ի ամերիկյան տեսականու կարևոր բացը։ Այսօր ԱՄՆ-ում բրենդի ամենամատչելի մոդելները Jetta սեդանն ու Taos քրոսովերն են, որոնք նույնպես արտադրվում են Մեքսիկայում։

Այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ, թե հատկապես Golf-ի որ տարբերակները կվերադառնան ամերիկյան շուկա՝ ամենապարզ մոդիֆիկացիաները, ունիվերսալները, թե՞ սպորտային տարբերակները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *