Նախկին պաշտոնյան կարող է զրկվել հատուկ կենսաթոշակից, եթե դատապարտվել է դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունից։
Կառավարությունն առաջարկում է փոխել պետական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ նախկին նախագահների համար նախատեսված հատուկ կենսաթոշակից զրկելու պայմանները։
Գործող կարգավորմամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է զրկվել հատուկ կենսաթոշակից, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է։
Նոր նախագծով սահմանափակումը կկիրառվի միայն այն դեպքում, երբ անձը դատապարտվել է դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար։ Այսինքն՝ անզգուշությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն այլևս ինքնին հատուկ կենսաթոշակից զրկելու հիմք չի լինի։
Նախկին պաշտոնյաներին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում հատուկ կենսաթոշակից զրկելու կարգավորումն ընդունվել է 2022 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։
Մինչ այդ նման դատապարտումը նախկին պաշտոնատար անձին հատուկ կենսաթոշակից զրկելու առանձին հիմք չէր համարվում։