«Գոյություն ունի մի ստանդարտ ստատիստիկական մոդել, որը կիրառում են որևէ ընտրության կեղծված լինելու հավանականությունը պարզելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Քաղաքագիտության դոկտոր է, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մոդելը չորս հիմնական հարցի վրա է կառուցված.
1. Որտե՞ղ է մասնակցության տոկոսն ավելի բարձր, գյուղակա՞ն, թե՞ քաղաքային վայրերում։ Կասկածելի է համարվում, եթե գյուղական վայրերն ավելի բարձր մասնակցություն ունեն, քան քաղաքայինները, որովհետև քաղաքներում քաղաքական ակտիվության ու ներգրավվածության մակարդակը որպես կանոն ավելի բարձր է։
2. Արդյո՞ք գոյություն ունի պոզիտիվ կորելիացիա իշխող ուժի ստացած քվեների տոկոսի ու մասնակցության տոկոսի միջև։ Զրոյական հիպոթեզն այստեղ այն է, որ նման կորելիացիա չպետք է գոյություն ունենա։ Եթե գոյություն ունի, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք կեղծիքի հետ։
3. Արդյո՞ք գոյություն ունի նեգատիվ կորելիացիա մասնակցության տոկոսի ու հիմնական ընդդիմադիր ուժի կամ ուժերի ստացած քվեների տոկոսի միջև։ Եթե նման կորելիացիա գոյություն ունի, ապա արդյունքները կասկածի ենթակա են։
4. Արդյո՞ք գոյություն ունի կորելիացիա մի կողմից անվավեր քվեաթերթիկների քանակի, մյուս կողմից իշխող ուժի ու հիմնական ընդդիմադիրների ստացած քվեների միջև։ Եթե անվավեր քվեաթերթիկների քանակն ավելի փոքր տոկոս է կազմում այն տեղամասերում, որտեղ իշխող ուժն ավելի բարձր ցուցանիշներ է գրանցել, իսկ ընդդիմադիրներն ավելի ցածր, ապա արդյունքները ենթակա են կասկածի։
Անհրաժեշտ է տվյալներն անհապաղ էս մոդելի հիման վրա վերլուծել»։