Մանդատներից հրաժարումն իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի ձևավորման համար․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ընտրությունների նախնական արդյունքներին և մանդատների ստանձնման կամ հրաժարման հարցին՝ ընդգծելով դրա իրավական և քաղաքական բաղադրիչները։

Նրա խոսքով՝ մանդատներից հրաժարվելու գործընթացը որևէ իրավական մեխանիզմով չի կարող հանգեցնել Ազգային ժողովի չձևավորմանը, նոր ընտրությունների նշանակմանը կամ մանդատների վերաբաշխմանը այլ քաղաքական ուժերի միջև։

Հովհաննիսյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրված պատգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո ԿԸՀ-ն կիրականացնի համապատասխան ընթացակարգերը։ Այդ դեպքում խորհրդարանը միևնույն է ձևավորվում է, և քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը ստանում է իր մանդատների քանակը։ 

Ըստ նրա՝ նման իրավիճակում մանդատները պարզապես չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին, իսկ խորհրդարանը ձևավորվում է առկա ընտրված կազմով։ 

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանն ընդգծում է, որ մանդատներից հրաժարումը ունի նաև քաղաքական հետևանքներ։ Այն կարող է դիտարկվել որպես բոյկոտի ձև և առաջացնել լեգիտիմության շուրջ քննարկումներ, ինչպես նաև փոխել քաղաքական պայքարի ձևաչափը՝ այն տեղափոխելով խորհրդարանից դուրս։ 

Նրա գնահատմամբ՝ այս փուլում քաղաքական ուժերի համար առանցքային հարցը ոչ միայն ստացած մանդատների քանակն է, այլ նաև այն որոշումը, թե ինչպես են նրանք պատրաստվում շարունակել իրենց գործունեությունը՝ մասնակցելով խորհրդարանական աշխատանքներին կամ ընտրելով բոյկոտի ճանապարհը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *