
Պոպուլիստ, ստախոս, նաև՝ ընտրակեղծարար․ «Կարճ ասած»
Անկեղծ ասած՝ 2021թ․ ընտրությունների արդյունքում խորը հիասթափություն եմ ապրել, որովհետև չեմ մտածել, որ պատերազմից, կորուստներից ու նվաստացումներից հետո ժողովուրդը առհասարակ ձայն կտա Փաշինյանին։ Բայց 2026-ի ընտրությունից էլ ավելի խորը հիասթափություն եմ ապրել, որովհետև վստահ եմ, որ ժողովուրդը 21-ից հետո եկած աղետներից՝ Արցախի վերջնական ու հենց Փաշինյանի ձեռքով հանձնումից, Հայաստանի տարածքների օկուպացիայից, հողեր հանձնելուց, մեր եկեղեցու, Ցեղասպանության, Մասիսի վրա գրոհներից հետո ձայն չի տալու Փաշինյանին, և այն թիվը, որը հրապարակվել է, իրականությունից հեռու է։ Իշխանության թվանկարչության համաձայն, իրենց ձայն են տվել այն մարդիկ, ում կյանքն այս ռեժիմը վերածել է դժոխքի։ Սա ուղղակի անհնար է ու հակագիտական։
Տեսեք․ ամենաաղքատ մարզերից է Գեղարքունիքը։ Ամենաշատն արտագնա աշխատանքի մեկնում են այս մարզից։ Օրինակ Երանոս, Սարուխան գյուղերը ապրում են խոպանի հաշվին։ Չկա էդպիսի խոպանչի, որ չգիտի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման արդյունքում ինչ է սպասում իրեն։ Այս պահին ՌԴ-ից դեպորտ են արվում մեր հայրենակիցներ։ Ու հայերի ամենամեծ գործատուներից մեկը ՌԴ-ում Սամվել Կարապետյանն է։ Բայց զավեշտը Նիկոլի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցույց տված արդյունքն է․ այդ արտագնա աշխատանքով ապրող գյուղում ՌԴ-ի հետ կապերը խզող, այսինքն՝ իրենց հացին վայիս լինող ՔՊ-ն ստացել է 832 ձայն, Սամվել Կարապետյանը, ում մոտ աշխատեում են նրանք և տունը պահում, ստացել է 235 ձայն, Ռոբերտ Քոչարյանը, որ ունակ է մեկ շաբաթում սաղ դեպորտների հարցը լուծել, ստացել է 54 ձայն։ Վերահաշվարկ արեք ու պարզեք իսկական ձայների թիվը։ Չի կարող Սարուխանում, որ լրիվ նույն վիճակն է, ՌԴ հետ կապերը խզող ՔՊ-ն ստանա 1254 ձայն, սարուխանցիներին աշխատանք տվող Սամվել Կարապետյանը ստանա 487 ձայն։
Ըստ պաշտոնական թվերի՝ այն գյուղերի ու քաղաքների բնակիչները, ում իշխանությունը զրկում է հացից, ընտանիքին մատնում է սովի և անգործության, ուրախ-ուրախ գնում ու ՔՊ-ի՞ն են ընտրում, համ էլ իր ընտանի՞քը։ Համաձայնեք, որ լուրջ չէ։
Զվարթնոց գյուղի ջերմոցատերերը ողբում են, որ Նիկոլի պատճառով Ռուսաստանը փակել է ճանապարհը, և նրանց հազարավոր դոլարների ծաղիկներ լցվել են աղբամանը։ Եվ ուրեմն, խիստ անհավանական է, որ նրանց ընտանիքներին վնասած, հացից կտրած, արդեն անհուսալի վարկերի տակ գցած Փաշինյանը ստանա այդ գյուղից 1600 ձայն, Ռոբերտ Քոչարյանը, որ խոստանում է մեկ զանգով այդ խնդիրը կարգավորել՝ ստանա 250 ձայն կամ Սամվել Կարապետյանը՝ 600 ձայն․ չեմ հավատում, վերահաշվարկով բացահայտեք իրական պատկերը։
Նիկոլ Փաշինյանը ընդամեը երկու տարի առաջ հանձնեց Կիրանց գյուղի կեսը, թուրքին մտցրեց մարդկանց տուն։ Չի կարող թուրքի իր տուն բերած Նիկոլին այդ գյուղում տան 70 տոկոս ձայն։ Ավելին ասեմ, այստեղ ընտրություններին մասնակցությունը, պարզվեց, կազմել է 120 տոկոս։
Չի կարող Շուռնուխի կեսը Նիկոլը հանձնի թուրքին, տան բոլոր պատուհաններից Ադրբեջանի դրոշը երևա, բայց Նիկոլը տանի Շուռնուխում 80 ձայն, երաշխավորված խաղաղություն խոստացող Քոչարյանը՝ 13 ձայն։ Չեմ հավատում։ Ի՞նչ տրամաբանությամբ են ՔՊ-ին ձայն տվել այն սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք ամեն գիշեր քնում են ադրբեջանական դիպուկահարի նշանառության տակ ու ուղիղ օկուպացիայի վտանգի առաջ են։ Ըստ Նիկոլի ու իր ԿԸՀ-ի՝ Նիկոլի պատճառով թուրքը մտել է իր գյուղ, բայց ընտրում է գյուղի դարպասները բացողի՞ն։ Մարդու տունը կիսել են, գյուղի կեսը տվել են Ադրբեջանին, բայց գնացել-շնորհակալությո՞ւն է հայտնել Նիկոլին։ Սա հնարավոր է միայն կեղծիքի, թվանկարչության պայմաններում։
Փաշինյանը խոստացել է հենց ընտրվի՝ հանձնի Տիգրանաշենը։ Չի կարող այդպիսի սպառնալիք հնչեցնել, բայց այդ տարածքում ստանա 249 ձայն, «Հայաստան» դաշինքը, որ խոստանում է փակել թեման, ստանա 13 ձայն։ Հավատու՞մ եք։ Տավուշի Բերդավան գյուղի կեսը դարձյալ անկլավի անվան տակ հանձնելու է, գյուղացիները անհանգստության մեջ են, բայց ըստ նիկոլենց նկարած թվերի՝ 1066 հոգի ընտրել է ՔՊ-ին, իսկ Քոչարյանը, որ խոստանում է անկլավների հարցը փակել, ընտրել է 130 մա՞րդ։ Լուրջ չէ, տղաներ։
Չի կարող Ջերմուկը, որի մատույցներում է թշնամին 4 տարի, օկուպացրել է հսկայական տարածք, Նիկոլին տա 3000 ձայն, Քոչարյանին, որը թշնամուն հեռացնելու է այդտեղից, 280 ձայն։ Ասում են՝ մարզպետը բոլորին կաշառել է․ չեմ պատկերացնում․ էդ ի՜նչ փող է, որ ծննդավայր արժե։
Գյումրիում, որտեղ մեկ դոմիկ անգամ չի ազատել երկրաշարժից տուժածներից, իրենց քաղաքապետին բռնել է, իրենց սիրելի սրբազանին կալանքի տակ է պահում, չի կարող ստանալ 21 հազար ձայն, Քոչարյանը, որ Գյումրին վերականգնել է, ստանա 3 հազար ձայն, Սամվել Կարապետյանը, որ խոստանում է այդ գործազուրկ քաղաքում գործարաններ, ստանա 11 հազար ձայն։ Անհնար է։ Ես չեմ՝ դուք եք, սա նմա՞ն է իրականության։
Չի կարող Սամվել Կարապետյանը Սոթք սահմանամերձ գյուղի բոլոր տանիքները փոխի, ընդ որւմ՝ վաղուց, ընտրակաշառք չէ, ու Նիկոլը, որ գյուղի համար ոչի մի բան չի արել, բացի նրանից, որ թշնամուն մոտեցրել է նրանց, ստանա 718 ձայն, Սամվել Կարապետյանը՝ 177 ձայն։ Հավատում եք, թե իրական թվե՞ր են։ Ես չեմ հավատում։
Համաձայն ՔՊ-ի նկարած արդյունքների, մեր ժողովուրդը ո՛չ իր սոցիալականի մասին է մտածում, ո՛չ ինքնապաշտպանական ու ինքնապահպանման բնազդ ունի, ո՛չ իր լավ ու վատը գիտի։ Տենց մոլորված, բան չհասկացող ժողովու՞րդ ենք, ուզում են ասել։ Այսինքն՝ այս մարդիկ, ձայն տալով դրան, կրակել են իրենք իրենց ոտքին։ Չեն կրակել, վստահ եմ։ Ում հետ խոսում ես՝ անհանգստացած են, որ Նիկոլի ընտրվելով՝ Հայաստանը լցվելու է ադրբեջանցիներով։ Չէին կարող այդ վտանգի գոտիներում ապրողները ձայն տալ դրան։ Ու վստահ եմ՝ ձայն չեն տվել․ պետք է գնալ ու վերահաշվարկ անել, եթե, իհարկե, քվեաթերթիկներն արդեն չեն փոխել։
Կարճ ասած՝ Հայաստանի դեռ չձևավորված իշխանությունն արդեն լեգիտիմ չէ։ Ու, իրապես այստեղ կապ չունի մանդատ վերցնել-չվերցնելը․ թող վերցնեն, որովհետև չվերցնելով էլ բան չի փոխվում, վերցնելով էլ։ Դրան կանդրադառնամ։ Նա, մեկ է, լեգիտիմ չէ, ի սկզբանե։ Եթե 2021-ին լեգիտիմ չէր բերած ու պարտված պատերազմից հետո մնալու համար, խոստումները չկատարելու համար, հիմա լեգիտիմ չէ նաև ընտրությունները տոտալ կեղծելու համար։
Հետևաբար, մեր երկիրը, ինչքան որ սրանք ձգեն, լինելու է ոչ լեգիտիմ, մեր պետության ու ժողովրդի շահերը չսպասարկող, մեր անունից քվե չստացած իշխանությամբ։ Եվ խիստ կասկածելի է, թե երկար կձգեն»։