Ինչպես է Իսրայելն առանց դատ ու դատաստանի մենախցում հյուծում Գազայի հայտնի բժշկին

Գազայի հատվածում 2024 թվականի վերջին իսրայելական ուժերի ձերբակալած և արդեն ավելի քան 500 օր առանց պաշտոնական մեղադրանքի առաջադրման պահվող պաղեստինցի հայտնի բժշկի որդին խոր մտահոգություն է հայտնել հոր կյանքի և առողջության համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բժշկին, առանց պատճառների բացատրության, տեղափոխել են խիստ ռեժիմի բանտի մենախցիկ, գրում է The Guardian-ը։

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Քամալ Ադվան» հիվանդանոցի տնօրեն, դոկտոր Հուսամ Աբու Սաֆիան ձերբակալվել էր հենց աշխատավայրում՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների Իսրայելում» (PHRI) իրավապաշտպան կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկություն է ստացել այն մասին, որ 53-ամյա բժիշկը «Քցիոտ» բանտից տեղափոխվել է («Գանոտ» բանտային համալիրի մեջ մտնող) «Ռեմոն» բանտ, որտեղ նրան տեղավորել են մենախցում։ PHRI-ում նշել են, որ տեղափոխման պատճառների մասին իրենց չի հայտնվել։

Անցյալ ամիս PHRI-ի փաստաբանի այցելության ժամանակ Աբու Սաֆիան նկարագրել է պահման դաժան պայմանները, բժշկական օգնության բացակայությունը և սննդի սուր պակասը։

Նրա որդին՝ Էլիաս Աբու Սաֆիան, որը նույնպես բժիշկ է, պատմել է, որ հորը վիրահատություն է անհրաժեշտ՝ ձերբակալման ժամանակ ձախ ազդրում մնացած բեկորները հեռացնելու համար, և որ նա շարունակում է տառապել մշտական ցավից ու վերքի շրջանում այտուցից։

«Այն, ինչ մեզ հայտնի է [նրա կալանավորման ժամանակահատվածի մասին], վկայում է ծանր տառապանքների մասին,- ասել է Էլիասը:- Ձերբակալության առաջին ամիսներին նրան թույլ չէին տալիս փոխել հագուստը, ինչի հետևանքով նրա մոտ զարգացել են մաշկային հիվանդություններ, որոնք պատշաճ բուժում չեն ստացել»։

«Մեզ հայտնել են, որ այժմ նրան պահում են ծայրահեղ փոքր մենախցում՝ բառացիորեն մեկ մետրը մեկ մետրի վրա չափսերով. մի տարածքում, որտեղ հազիվ է հերիքում տեղը շարժվելու կամ նորմալ նստելու համար»,- հավելել է նա։

Ըստ Էլիասի՝ ձերբակալության պահին հայրը եղել է սպիտակ բժշկական խալաթով, որը նա սկզբունքորեն հրաժարվում էր լվանալ այն բանից հետո, երբ նրա երկրորդ որդին՝ Իբրահիմը, զոհվել էր 2024 թվականի հոկտեմբերին հիվանդանոցի մուտքի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Դոկտոր Աբու Սաֆիան ապահովել է հիվանդանոցի անդադար աշխատանքը իսրայելական ուժերի կողմից ավելի քան 80 օր տևած շրջափակման և հարձակումների ընթացքում՝ հարակից փախստականների ճամբարում ընթացող ինտենսիվ ռազմական գործողությունների ֆոնին։ Ձերբակալությունից ավելի քան 525 օր անց իսրայելական իշխանությունները այդպես էլ նրան ոչ մի պաշտոնական մեղադրանք չեն առաջադրել։ Նրան դասակարգել են որպես «անօրինական կոմբատանտ» (մարտիկ)՝ ավելի քան 375 այլ բժշկական աշխատողների հետ միասին. դա իրավական կարգավիճակ է, որն Իսրայելը հաճախ օգտագործում է առանց դատի երկարատև կալանքի տակ պահելը հիմնավորելու համար։ Ձերբակալման պահից ի վեր ընտանիքը ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել ուղիղ կապ հաստատել նրա հետ։

«Նրա դեմ ուղղված միակ մեղադրանքը հիվանդանոցը տարհանելու և բուժառուներին բախտի քմահաճույքին լքելու իսրայելական բանակի հրամանին չենթարկվելն է»,- ընդգծել է Էլիասը։

Գաղտնի դատարաններ և միջազգային իրավունք

Աբու Սաֆիայի մենախցային կալանքի մասին PHRI-ի իրավապաշտպաններն իմացել են կազմակերպության փաստաբանի՝ հունիսի 4-ին «Քցիոտ» բանտում պահվող Գազայի հինգ այլ պաղեստինցի բժիշկների կատարած այցի ժամանակ։ Նրանցից չորսը հայտնել են, որ այցից մի քանի օր առաջ անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են այն թևը, որտեղ պահվում էր Աբու Սաֆիան, ձեռնաշղթաներ են հագցրել նրան և տարել անհայտ ուղղությամբ՝ առանց պատճառների բացատրության։ Ավելի ուշ իրավապաշտպանները պարզել են, որ նրան տեղափոխել են «Գանոտ» բանտի մենախցերի բլոկ։

Երկարատև մենախցային կալանքը լայնորեն ճանաչված է որպես պահման ամենադաժան ձևերից մեկը։ Ըստ ՄԱԿ-ի «Մանդելայի կանոնների»՝ 14 օրից ավելի տևող մենախցային կալանքը կարող է հավասարեցվել խոշտանգման։

Աբու Սաֆիայի փաստաբան Նասեր Օդեհը հայտնել է, որ անցյալ հինգշաբթի բողոքարկում է ներկայացրել՝ պահանջելով ազատ արձակել իր պաշտպանյալին։

«Իսրայելցի պաշտոնյաները պատասխանել են, որ բժիշկը պահվում է անօրինական կոմբատանտների մասին օրենքի հիման վրա, և որ ըստ այդ օրենքի՝ ձերբակալվածի նկատմամբ բոլոր դատական վարույթները դասակարգվում են որպես գաղտնի և անցկացվում են դռնփակ դռների հետևում»,- պարզաբանել է Օդեհը։

Դեռևս մարտին ՄԱԿ-ի փորձագետների խումբը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է անհապաղ ազատ արձակի Աբու Սաֆիային և ապահովի նրա հասանելիությունը բժշկական զննությանն ու բուժմանը։ Նա Գազայից այն 14 պաղեստինցի բժիշկներից մեկն է, որոնց Իսրայելը պահում է առանց մեղադրանք առաջադրելու։ Ապրիլին PHRI-ն միջնորդություն է ներկայացրել Իսրայելի Գերագույն արդարադատության դատարան՝ պահանջելով նրանց ազատ արձակումը, և այժմ սպասում է դատարանի որոշմանը հաջորդ փուլի վերաբերյալ։

Հինգ բժիշկները, որոնց իրավապաշտպաններն այցելել են հունիսի 4-ին (նրանք բոլորը պահվում են առանց մեղադրանքի արդեն ավելի քան երկու տարի), հայտնել են վերջին երկու ամսում պահման պայմանների վատթարացման մասին։ Ըստ նրանց՝ բանտի հսկիչները ստիպում են իրենց օրվա մեծ մասը նստել կամ պառկել մետաղական մահճակալներին կամ հատակին։ Բժիշկներից մեկը հայտնել է արցունքաբեր գազի հաճախակի կիրառման մասին, իսկ մյուս երկուսը հայտարարել են, որ դեկտեմբերից ի վեր չեն կանգնել դատավորի առաջ, երբ նրանց կալանքի ժամկետը երկարաձգվել է անորոշ ժամկետով։

Իսրայելի բանտերի վարչությունը (IPS) հայտարարել է, որ «գաղտնիության պահպանման պարտավորությունների բերումով ինքը տեղեկություն չի տրամադրում կոնկրետ կալանավորների պահման կարգավիճակի մասին»՝ հավելելով, որ «նկարագրված մեղադրանքները չեն արտացոլում IPS-ի գործելակերպը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *