Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հերքել է այն ենթադրությունը, թե քաղաքացիների համատարած գաղտնալսումներ են իրականացվում։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, թե հրապարակված ձայնագրությունների հեղեղի ֆոնին տպավորություն է ստեղծվում, թե բոլոր քաղաքացիներին համատարած գաղտնալսում են, Նահապետյանը բավականին երկիմաստ պատասխան է տվել։ Նրա խոսքով՝ այդ տպավորությունը չի համապատասխանում իրականությանը, թեկուզ միայն այն պատճառով, որ դա ֆիզիկապես անհնար է։ Այնուհետև Նահապետյանը պատմել է, որ կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանում, որի օպերատիվ աշխատակիցները ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստանում, զեկուցում, ինչից հետո որոշում է կայացվում ստուգողական միջոցառումների վերաբերյալ։
Նահապետյանը հիշեցրել է, որ օրենքը թույլ է տալիս իրականացնել գաղտնի միջոցառումներ, այդ թվում՝ գաղտնալսումներ։ Ինչպես վստահեցրել է կոմիտեի ղեկավարը, առանց դատարանի թույլտվության գաղտնալսում իրականացնելու ոչ մի դեպք չկա, ինչն իբր հաստատվում է նրանով, որ ոչ ոք չի հրաժարվել իր խոսքերից և չի պահանջել փորձաքննություն։
Այն հարցին, թե նախատեսվում է արդյոք որևէ կարգավիճակով ներգրավել քաղաքական ուժերի ղեկավարներին, Նահապետյանը հայտարարել է, որ ապացույցները պետք է ուսումնասիրվեն, և այս պահին, ելնելով նախաքննության գաղտնիությունից, ինքը չի կարող պատասխանել այդ հարցին։