«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այն, որ դա հայտնաբերվել է, պայմանավորված է նրանով, որ մեր արձանագրությունները կան և հրապարակված են։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև դրանք դեռ պետք է ճշգրտվեն»,-ասաց Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում։ Նա նշեց, որ վերահաշվարկի վերաբերյալ պատշաճ կարգով ներկայացված դիմումները քիչ են եղել, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել այն տեղամասերում, որտեղ նման ցանկություն է եղել։
«Մենք Երևանում ունենք մի պատկեր, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերը կվերահաշվարկվեն, որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ցանկացել»,-նշեց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմումներ ստացել է երեք քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին նաև այլ քաղաքական ուժեր։