
Սկիզբը՝ այստեղ
Կարեւոր հիմնավորումներից մեկը, որ Նիկոլի իշխանությունը հունիսի 7-ից առաջ միտված էր կեղծել ընտրությունների արդյունքները (ինչը, արձանագրենք, արդեն կատարված փաստ է), ԿԸՀ նախագահի պաշտոնում Նիկոլի ընկերոջ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունն էր՝ սահմանադրական օրենքի բացահայտ ու կոպիտ խախտմամբ: Այսինքն՝ 2022 թվականին նրա ապօրինի ընտրությունը 2026թ. հունիսի 7-ի արդյունքների կեղծմանը նախապատրաստվելու, դրա հուսալիությունն ապահովելու նպատակն է ունեցել:
Այս կարծիքի հիմքը ոչ միայն վերոնշյալ ապօրինի ընտրության բուն փաստն է, այլեւ չնայած նրա ընտրվելու հետ կապված խախտման մասին մամուլի հրապարակմանը եւ նույնիսկ ԶԼՄ-ի միջոցով հանցագործության մասին ներկայացված հաղորդմանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, գլխավոր դատախազի եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե կոչվածի այն ժամանակվա նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից այդ փաստի առթիվ համապատասխան միջոցներ չձեռնարկելը:
2022 թ. հոկտեմբերի 7-ին Ազգային ժողով կոչվածում տեղի է ունեցել ԱԺ պատմության ընթացքում ոչ միայն իր խայտառակ բնույթով, այլեւ բացահայտ ու կոպտագույն օրինախախտմամբ աննախադեպ, ինչպես նաեւ ԿԸՀ նախագահի ընտրության ողջ պատմության ընթացքում դարձյալ իր խայտառակ եւ ապօրինի բնույթով աննախադեպ ընտրություն. Ազգային ժողով կոչվածն իշխող ՔՊ խմբակցության առաջադրմամբ ու միայն իշխանական պատգամավորների ընդամենը 65 կողմ ձայնով, դրսեւորելով հովանավորչություն (կոռուպցիայի արտահայտություններից մեկը), քաղաքական ու համակարգային կոռուպցիա, ԿԸՀ նախագահ է ընտրել ՔՊ պատգամավոր, խորհրդարանի իշխող խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին:
Հովակիմյանը դրանից դեռ մի քանի օր առաջ «Քաղպայմանագիր» կուսակցության ու դրա վարչության անդամն էր, նա ընտրությունից օրեր առաջ մանդատից հրաժարվելու եւ կուսակցությունից դուրս գալու դիմումներ էր գրել: Եվ տեսնելով, որ ընտրվելու համար անհրաժեշտ քվեները նվազագույն շեմը հաղթահարելու համար անբավարար են, Հովակիմյանը բացահայտ ու կոպտագույն օրինախախտմամբ մասնակցել է ԿԸՀ նախագահի պաշտոնում սեփական անձի ընտրությանը՝ վստահ լինելով, որ Նիկոլը եւ իրավապահ մարմիններն աչք են փակելու կատարվածի վրա: Քվեարկությանը Հովակիմյանի մասնակցությունը հարցեր է առաջացրել նույնիսկ ՔՊ կուսակցության ու նույնանուն խմբակցության նրա գործընկերների մոտ, սակայն օրվա «հերոսը» պնդել է, որ իր մասնակցության մասով արգելք չկա: Լրագրողի հարցին, թե ինչու հանդես չի եկել շահերի բախման ու քվեարկությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությամբ եւ անձամբ քվեարկել է իր իսկ ընտրությանը, Հովակիմյանը, երեւի շփոթմունքից, հայերենը բռնաբարելով, բառացիորեն ասել է. «ԱԺ կանոնակարգը շահերի բախում տեսնում ա, երբ որ օրենքների քննարկում է, որը որ դրանից կարող ա անձը՝ ինքը, շահեկան լինի» (տես` «Արմքոմեդի» 1043, 13:00 րոպեից): Այստեղ են ասել` բաբոյիդ արե՞ւ…
Վահագն Հովակիմյանը, այսպիսով ի ցույց դնելով թե՛ պատգամավորի, թե՛ ԿԸՀ նախագահի պաշտոններին անհարիր իրավական անգրագիտությունը կամ, ավելի հավանական է, ցինիկաբար ստելով, պատասխանել է, որ շահերի բախումը վերաբերում է միայն օրենքների քվեարկությանը (այսինքն` որոշումների վերաբերյալ քվեարկությանը չի վերաբերում), ինչն ակնհայտ սխալ ու Հայաստանի օրենսդրությանը հակասող պատասխան է: Նախ, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա 2-րդ կետի համաձայն, պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ «հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ»:
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա 5-րդ կետի համաձայն, «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, ԱԺ որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաեւ՝ ԱԺ կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`
5) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաեւ՝ որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու` իր ելույթի»:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, հանրային (պետական) պաշտոն է նաեւ պատգամավորի պաշտոնը: Նույն օրենքի 33-րդ հոդվածի («Շահերի բախումը») 5-րդ մասի իմպերատիվ պահանջի համաձայն, «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»:
Հաջորդ խախտումը. 2020թ. պատգամավոր Սուրեն Գեւորգյանը Ազգային ժողով կոչվածում միջնորդում էր դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ-ում, քանի որ վերջինս, մինչ ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը, եղել էր ՀՀԿ-ի պատասխանատու անդամ, այսինքն՝ քաղաքականացված սուբյեկտ: Այս դեպքում եւս Վահագն Հովակիմյանը քաղաքականացված սուբյեկտ էր (ընտրություններից առաջ ՔՊԿ վարչության անդամ), հետեւաբար ստացվում է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնին առաջ է քաշվել բացահայտ ապօրինի ընթացակարգով:
Վերոնշյալ պաշտոնում Վահագն Հովակիմյանի կողմից ընտրվելը միայն էթիկայի խախտում, օրենքների անտեսում եւ անձնական շահերով առաջնորդվել չէ, այլ նաեւ՝ սահմանադրական կարգի տապալում (Քրեական օրենսգրքի 420-րդ հոդված): Համաձայն նշված հոդվածի, «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Տվյալ դեպքում փաստացի դադարեցվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինականության սկզբունքը. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Հովակիմյանը՝ որպես պետական մարմնի պաշտոնյա, ԿԸՀ նախագահի պաշտոնում իր ընտրությանը մասնակցելու լիազորությամբ օժտված չի եղել: Նրա արարքն առերեւույթ համապատասխանում է նաեւ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներին (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Հուսանք, որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները վիճարկելիս կօգտագործի վերոնշյալ փաստերը, նաեւ համապատասխան դիմումներով կդիմի ինչպես ՍԴ, այնպես էլ գլխավոր դատախազին:
Արթուր Հովհաննիսյան