ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ գերիներին ազատ արձակելու կոչով փոփոխության նախագծի շուրջ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում նա փոփոխություն է առաջարկել Ներկայացուցիչների պալատի Դիվանագիտական ծառայության մասին օրենքում (H.R. 9086), որը «կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին»։

Քաղաքական գործիչը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և շուրջ 2 հազար տարի այնտեղ ապրող ավելի քան 100 հազար հայերի էթնիկ զտումների մասին: Նա մատնանշել է նաև համացանցում տարածված այն կադրերը, որոնք փաստում են հայ գերիների արտադատական մահապատժի դեպքերը:

«Հաշվի առնելով այս ամենը՝ չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները Բաքվից պահանջի անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարված հայերին», — հայտարարել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում։

Շերմանը նաև նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիորեն կապված է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերի հետ։

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովմանն ուղղված իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կարևոր քայլ կլիներ այդ ճանապարհին», — հայտարարել է նա։

Առաջարկին կողմ է արտահայտվել հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։

Այժմ սպասվում է այս փոփոխության վերաբերյալ անվանական քվեարկություն։ Ընդունվելու դեպքում նախագիծը կփոխանցվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է երկկուսակցական հանձնաժողովի այս որոշումը։

«Ադրբեջանում հայ պատանդների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների իսկական ճգնաժամ է, ինչը Կոնգրեսից վճռական քայլեր է պահանջում: Մենք բարձր ենք գնահատում հանձնաժողովի նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի նախաձեռնությանը ևգերիներին անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակելու հարցում հանձնաժողովի երկկուսակցական հաստատակամ դիրքորոշումը», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *