
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արուսյակ Մանավազյանը ապրիլի 17-ին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրել էր իրազեկում՝ Հանրապետության հրապարակում հունիսի 4-ին, 5-ին եւ 8-ին՝ ժամը 17․00-ին, հանրային միջոցառում անցկացնելու համար: Ըստ էության, «բրոնյա» էին արել հանրապետության գլխավոր հրապարակը, որի պատճառով, ընդդիմությունը, օրինակ, չկարողացավ քարոզարշավի նախավերջին օրը Հրապարակում կազմակերպել իր հանրահավաքը։
Ըստ իրազեկման՝ տեղադրվելու էին բեմահարթակ, LED էկրաններ, բարձրախոսներ, դրոշներ, պաստառներ։ Բեմահարթակը ներառելու էր կենտրոնական բեմային հատված՝ համալրված լուսային, ձայնային եւ վիդեո տեխնիկական սարքավորումներով։ Մասնակիցների թիվը 30․ 000 եւ ավելի, իսկ կարգադրիչների թիվը` 10:
Ինչո՞ւ էր ՔՊ-ն ամրագրել Հանրապետության հրապարակը հունիսի 4-ի եւ 8-ի համար, սակայն նախանշված միջոցառումը չարեց, փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՔՊ-ականներից: Վահագն Ալեքսանյանի, Արուսյակ Մանավազյանի, Նազելի Բաղդասարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, խոսեցինք պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, վերջինս ասաց․ «Նախապես ամրագրումը չի ենթադրում միջոցառում իրականացնել, բայց ավելի ճիշտ կլինի դուք աշխատակազմի ղեկավար տիկին Մանավազյանից ճշտումներ անեք, բայց բոլոր ուժերն էլ տարբեր օրերի համար անում են ամրագրումներ, այդ թվում` ընդդիմադիր ուժերն են ամրագրումներ արել, բայց դա չի նշանակում, որ միջոցառումը պետք է տեղի ունենա, դա պլանավորած միջոցառում է, որը կարող է տեղի չունենալ»։