2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել շուրջ 409,2 մլրդ դրամ, ինչը 16,6 մլրդ դրամով կամ 4,2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Հիփոթեքային վարկերի գծով եկամտային հարկի վերադարձի մասով քաղաքացիներին է վերադարձվել շուրջ 95,6 մլրդ դրամ, ինչը 27 մլրդ դրամով կամ 39,4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ», – ասել է Հակոբյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նա նաև հայտնել է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակում, 2023–2024 թվականների համար ներկայացված հաշվարկներով, քաղաքացիներին է փոխհատուցվել 5,8 մլրդ դրամ։

«Այս ցուցանիշը 2024 թվականին վճարված փոխհատուցումների ծավալը գերազանցում է 5,4 մլրդ դրամով կամ 1604,6%-ով», — նշել է ՊԵԿ նախագահը։

Հակոբյանն ընդգծել է, որ փոխհատուցված սոցիալական ծախսերի գումարները ներառված չեն պետական բյուջեի եկամուտների ցուցանիշում, որը 2025 թ․-ի արդյունքներով ֆիքսվել է 2 տրլն 725,2 մլրդ դրամի չափով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *