Անվավեր են ճանաչվել նաև Սյունիքում գտնվող 35/65 ընտրական տեղամասի արդյունքները: Այս ընտրատեղամասում ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել էր քվեարկել։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօրվա արտահերթ նիստում ընթերցեց գրանցամատյանի արված «Ուժեղ Հայաստան»-ի թիմակից Լուսինե Ավագյանի գրառումը.
«Ընտրություններին ժամը 20։02 րոպեին ընտրատեղամասի դուռը չի փակվել, 20։44 րոպեին ներկայացել են ընտրատեղամաս հաշվարկին մասնակցելու, սակայն ընտրատեղամասի դուռը դեռ չի փակվել։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ընտրատեղամասի դուռը փակել։ 20։55-ի դրությամբ ընտրատեղամասի շենքում մուտքից դժվարությամբ հասա ընտրատեղամասի սենյակ, միջանքը զինվորներով լցված էր»։