Իսրայելի իշխանությունները արտաքսել են հայտնի ֆրանսիացի լրագրողին

Իսրայելի իշխանությունները հինգշաբթի արտաքսել են հայտնի ֆրանսիացի լրագրող Էլիս Ֆրուսարին այն դեպքից հետո, երբ նախորդ օրը երկրի գլխավոր միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս նրան մերժել էին մուտք գործել երկիր: Դրա մասին հայտնել են նրա գործատուն և Իսրայելում Օտարերկրյա մամուլի ասոցիացիան, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Էլիս Ֆրուսարը, որը երկար տարիներ աշխատել է Իսրայելում և պաղեստինյան տարածքներում, չորեքշաբթի Փարիզից չվերթով ժամանել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, հաղորդում է Radio France Internationale հանրային ռադիոյի լրատվական ցանցը, որի համար նա հաճախակի ռեպորտաժներ էր պատրաստում:

Ֆրուսարն ունեցել է ճամփորդության համար անհրաժեշտ թույլտվությունը և դիմել էր Իսրայելի օկուպացրած Հորդանան գետի արևմտյան ափին աշխատելու վիզա ստանալու համար, հայտնում է RFI-ն։ Սակայն, ժամանելուն պես նրան հարցաքննել են, ձերբակալել, այնուհետև ինքնաթիռով հետ ուղարկել Ֆրանսիա։

«Իսրայելի իշխանությունները RFI-ին որևէ բացատրություն չեն տվել այս որոշման վերաբերյալ»,- ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրոն հայտարարել է, որ Ֆրանսիան մոբիլիզացրել է իր դիվանագիտական ցանցը Ֆրուսարին աջակցելու համար, սակայն նրան արտաքսելու որոշումը «այնուամենայնիվ, պատկանում է Իսրայելի իշխանությունների ինքնիշխան լիազորություններին»։

Մի քանի իսրայելական լրատվամիջոցներ մեջբերել են Սփյուռքի և հակասեմականության դեմ պայքարի նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ գերատեսչությունը հանձնարարել է մերժել Ֆրուսարի մուտքը Գազայում և Արևմտյան ափին Իսրայելի գործողությունները լուսաբանելու համար, դրանց թվում՝ պաղեստինցիների նկատմամբ կառավարության քաղաքականությունը նկարագրելելիս «ապարտեիդ» բառն օգտագործելու պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *