ԱՄՆ ներկայացուցիչները համարում են, որ այս շաբաթ Թեհրանում իրանական և կատարական պաշտոնական անձանց միջև տեղի ունեցած բանակցություններն օգնել են հարթել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի ճանապարհին մնացած տարաձայնությունների մի մասը, հայտնում է CNN-ը։
Քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ վիճելի էին մնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա բանակցությունների կարգին, ինչպես նաև Իրանին ֆինանսական թեթևացումներ տրամադրելու մեխանիզմին ու հաջորդականությանը վերաբերող հարցերը։
Հաղորդվում է, որ այս շաբաթ Իրանը կատարական միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել համաձայնագրի թարմացված նախագիծը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք փոփոխություններով վերադարձրել էր առաջարկված նախագիծը՝ ձգտելով հասնել միջուկային ծրագրի հարցերում առավել խիստ ձևակերպումների։ Աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան առաջնորդը դժգոհ էր նրանից, որ Թեհրանը չափազանց երկար է պատրաստել պատասխանը։
Այդուհանդերձ, Կատարի միջնորդությամբ անցկացված խորհրդակցությունները հնարավորություն են տվել կրճատել կողմերի դիրքորոշումների միջև եղած տարածությունը։ Ամերիկացի պաշտոնյաները մշտական կապ են պահպանել միջնորդների հետ նույնիսկ այն օրերին, երբ ԱՄՆ-ն ու Իրանը հարվածներ էին փոխանակում։
Աղբյուրները նշում են, որ վերջնական պայմանավորվածության ձեռքբերման մասին խոսելն առայժմ վաղ է։ Չնայած վերջին շաբաթներին շուտափույթ համաձայնագրի հնարավորության մասին Թրամփի բազմաթիվ հայտարարություններին՝ կոնկրետ արդյունքներ մինչ օրս չեն գրանցվել։