«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի բացառում, որ կդիմի Սահմանադրական դատարան։ Այս մասին հունիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները N 10/51 և N 35/65 ընտրատեղամասերում։
Իրավաբանը նշել է, որ ԿԸՀ որոշման տեքստը նոր է ստացել, այժմ աշխատանք է տարվում բողոքարկման ուղղությամբ։ Օրբելյանն արձանագրել է, որ խախտումը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ (խոսքը խախտումներով քվեարկության մասին է), դրա մասին խոսել և գրել են հենց առաջին օրվանից։ ԿԸՀ-ն, իշխանությունները և իրավապահ մարմինները լռում էին այնքան ժամանակ, մինչև պարզ դարձավ, որ այնտեղ հաղթում է «Բարգավաճ Հայաստանը», և այդ ժամանակ կտրուկ «նկատեցին խախտումն» ու անվավեր ճանաչեցին արդյունքները։ Միաժամանակ լիակատար լռություն է պահպանվում կրկնակի քվեարկության վերաբերյալ։ Իրավաբանը շեշտել է, որ նման դեպքերում անցկացվում է կրկնակի քվեարկություն՝ կա՛մ տվյալ տեղամասում, կա՛մ ամբողջ Հայաստանում։ Կախված ԿԸՀ որոշումից՝ պատրաստվող բողոքի վերաբերյալ, «Բարգավաճ Հայաստանը» կարող է դիմել Սահմանադրական դատարան։
«Ակնհայտ է՝ ընտրությունները կեղծվել են։ Ընտրությունների կազմակերպումն ու ձայների հաշվարկը խիստ անփույթ են եղել։ Կարևոր չէ, թե ում ձայների մասին է խոսքը, սակայն թվերի նման տատանումները ևս վկայում են խիստ անփույթ կազմակերպման մասին»,- նշել է իրավաբանը՝ նաև հիշեցնելով «սխալմամբ» բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերի մասին, ինչը նպատակ ուներ կազմաքանդել ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքը։