Associated Press-ը, հղում անելով քննության ընթացքին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ֆլորիդայում մեծ ժյուրիի առջև նախկին պետական պաշտոնյաներից ցուցմունքներ է պահանջում՝ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ամերիկյան հետախուզական համայնքի ներկայացուցիչների ենթադրյալ դավադրության հետաքննության շրջանակում։
Նոր ծանուցագրերը վկայում են քննության սրման մասին, որը շարունակվում է արդեն մոտ մեկ տարի։ Քննչական մարմինը փորձում է պարզել՝ արդյո՞ք հետախուզական համայնքի այն ներկայացուցիչները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում զբաղվել են Թրամփով, դրանց թվում՝ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը քննողները, կարող էին գործել նախագահի դեմ դավադրության շրջանակում և խախտել նրա իրավունքները։
Վերջին օրերին քննիչները կապ են հաստատել որոշ հավանական վկաների փաստաբանների հետ և նրանց նախազգուշացրել առաջիկա ծանուցագրերի մասին։ Մինչ այժմ անհայտ է՝ որքան է մեծ ժյուրիի նիստերին կանչվածների ճշգրիտ թիվը։
Քննության կենտրոնական ուղղություններից մեկը դարձել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության նկատմամբ ամերիկյան իշխանությունների արձագանքը և հետախուզական համայնքի այն գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Մոսկվան ընտրություններին միջամտել է հօգուտ Թրամփի։
Թրամփը տարիներ շարունակ մերժել է վերոնշյալ եզրակացությունները՝ հետաքննությունները որակելով իր հաղթանակի օրինակարգությունը կասկածի տակ դնելու «խորքային պետության» փորձ։ Միաժամանակ, ՀԴԲ-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության քննությունը բավարար ապացույցներ չի հայտնաբերել Ռուսաստանի և Թրամփի նախընտրական շտաբի միջև հանցավոր դավադրության մասին, թեև պարզել է, որ քարոզարշավի մասնակիցները հույս ունեին շահ ստանալ Մոսկվայի գործողություններից։
Հետագա ստուգումները բացահայտել են ռուսական միջամտության քննությունն իրականացրած աշխատակիցների սխալները, սակայն չեն հայտնաբերել իրավապահ մարմինների ղեկավարների հանցավոր գործողությունների կամ հակաթրամփյան դավադրության գոյության ապացույցներ։
Ներկայում քննչական մարմինը փորձում է պարզել՝ արդյոք հետախուզական համայնքի ներկայացուցիչների գործողություններում կարո՞ղ էին հանցագործության տարրեր լինել։ Գործում հիշատակվող անձանց թվում է ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրեննանը։ Նրա փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ Բրեննանը դարձել է քննության օբյեկտ՝ Կոնգրեսին սուտ ցուցմունք տալու կասկածանքով։ Ինքը՝ Բրեննանը, բազմիցս հերքել է դա։
Քննությունն անցկացվում է Ֆլորիդայում։ Ապրիլին արդարադատության նախարարությունը պետական ծառայության վերադարձրեց Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի ժամանակների նախկին դատախազ Ջո դիՋենովային, որը դարձավ գլխավոր դատախազի խորհրդական և քննիչների ու դատախազների խմբի ղեկավարներից մեկը։
ԴիՋենովայի թիմը միաժամանակ ուսումնասիրում է Թրամփի նկատմամբ դաշնային իրավապահ մարմինների գործողություններին առնչվող այլ դրվագներ, դրանց թվում՝ 2022 թվականին նրա Մար ա Լագո նստավայրում կատարված խուզարկությունը, որի ընթացքում ՀԴԲ գործակալները մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր էին առգրավել։
Առայժմ անհայտ է՝ արդյոք քննությունը կհանգեցնի՞ որևէ մեկին մեղադրանք առաջադրելուն, և կոնկրետ ինչ հանցագործություններ կարող են վերագրվել ենթադրյալ գործի մասնակիցներին։