ԿԸՀ–ի այս որոշմամբ փորձում են կանխել ԲՀԿ–ի մուտքը խորհրդարան, որպեսզի ունենան Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հնարավորություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, ԿԸՀ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ԿԸՀ–ի երեկվա որոշմանը, որով անվավեր ճանաչվեցին երկու տեղամասերում ընտրությունների արդյունքները։
Անդրադառնալով որոշ տեղամասերում վերահաշվարկի գործընթացին, նա նշեց. «Ինքս ներկա եմ եղել թիվ 8 ընտրատարածքում բոլոր 63 տեղամասերի վերահաշվարկներին, որն իրականացվել է ամսի 9–ից և շարունակվել մինչև այսօր ժամը 14–ը, և որևէ հույս դրա վերաբերյալ ես չունեմ։ Այսինքն ընտրախախտումներն իրականացվել են մինչև ընտրողի ընտրատեղամաս այցելությունը։ Ընտրողները մասայաբար եկել են վախեցած, բոլորին հրահանգված է եղել աշխատանքը կորցնելու վախով, սպառնալիքով, որ ընտանիքի անդամնեը տվյալ հասցեում գրանցված, անպայման պետք է հաշվարկվեն ձայները ՔՊ–ի կողմից։ Եթե չլինի այդքան ձայն, տվյալ աշխատանքը կզրկվի աշխատանքից։
Ընտրությունները մասայաբար խախտվել են։ Նման խայտառակ ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չէին եղել։ Դրանք մասայական են եղել, և տեսանելի»։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51) արդյունքները։
ԿԸՀ–ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:
Նշենք, որ Սյունիքի 35/65-ը այն տեղամասն է, որտեղ ժամը 20–ից հետո տևական ժամանակ քվեարկություն էր ընթանում, քվեարկում էին զինծառայողները։ Ընտրության հաջորդ օրը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դրա մեջ խնդիր չէր տեսել՝ նշելով, որ ժամը 20–ից առաջ զինվորները մտել են տեղամաս և իրավունք ունեին քվեարկել ու դուրս գալ։
Հատկանշական է, որ այդ որոշման արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։