Նեթանյահու. քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող բանակցությունները, հաղորդել է The Times of Israel-ը։

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսական գնահատականների ֆոնին՝ ամերիկա-իրանական համաձայնագրի շուտափույթ կնքման հնարավորության վերաբերյալ։

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»,- ընդգծել է Նեթանյահուն իր գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։

Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ այս հարցում իր և Թրամփի միջև կա լիակատար փոխըմբռնում։

«Նախագահ Թրամփի և իմ միջև այս հարցում կա լիակատար համաձայնություն»,- հայտարարել է նա։

Նեթանյահուն հիշեցրել է, որ ավելի քան երեք տասնամյակ միջազգային պայքար է մղում Իրանի միջուկային ծրագրի դեմ։

«Առանց այս պայքարի Իրանը վաղուց արդեն միջուկային ռումբեր կունենար՝ Իսրայելը ոչնչացնելու համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է ձգտել ոչնչացնել հրեական պետությունը, և դրա կանխումը մնում է իր գլխավոր խնդիրը։

«Իրանն աշխատում է հրեական պետությունը ոչնչացնելու ուղղությամբ, և ես իմ կյանքը նվիրել եմ դա թույլ չտալուն,- հայտարարել է Նեթանյահուն,- քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *