Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել

Mass General Brigham Cancer Institute ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները ցույց են տվել, որ HPV-DeepSeek արյան նոր գերզգայուն հետազոտությունն ընդունակ է վիրահատությունից հետո հայտնաբերել ուռուցքի հետքերը գլխի և պարանոցի HPV ասոցացված քաղցկեղով բուժառուների շրջանում և օգնել որոշել, թե նրանցից ում է անհրաժեշտ լրացուցիչ բուժում։ Աշխատանքը հրապարակվել է Science Translational Medicine բժշկագիտական հանդեսում։

Գլխի և պարանոցի HPV ասոցացված ուռուցքներն առաջանում են մարդու պապիլոմավիրուսից: Այն ներդնում է իր ԴՆԹ-ն մարդու բջիջների մեջ, ինչը նպաստում է դրանց վերածմանն ուռուցքային բջիջների։ Ուռուցքի աճի և մահացման զուգընթաց արյան մեջ են հայտնվում վիրուսային ԴՆԹ-ի փոքրիկ ֆրագմենտներ, որոնք էլ հենց կարող է հայտնաբերել HPV-DeepSeek թեստը։

Clear-HPVca հետազոտությանը մասնակցել է գլխի և պարանոցի նոր ախտորոշված HPV ասոցացված քաղցկեղով 2020-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում վիրահատված 103 բուժառու։ Գիտնականները վերլուծել են արյան 560 նմուշ, որոնք վերցվել են վիրահատությունից առաջ, դրանից հետո և հետագա հսկողության ընթացքում, որը տևել է ավելի քան երկու տարի։

Վիրահատությունից հետո բուժառուների 23%-ի շրջանում արյան մեջ պահպանվել են ուռուցքային HPV ԴՆԹ-ի հայտնաբերելի հետքեր։ Հենց այդ խումբն է ցուցաբերել զգալիորեն ավելի վատ ելքեր. երկու տարի անց առանց հիվանդության նշանների մնացել է դրական թեստով բուժառուների միայն 60%-ը, մինչդեռ բացասական արդյունքով բուժառուների շրջանում՝ 100%-ը։ Բացի դրանից, ընդհանուր ապրելիությունը հայտնաբերված ուռուցքային ԴՆԹ-ով խմբում կազմել է 73%՝ առանց դրա խմբի 98%-ի դիմաց։

Հատկապես կարևոր է, որ թեստը հնարավորություն է տվել հայտնաբերել հիվանդության կրկնությունը միջինում յոթ ամիս ավելի շուտ, քան հսկողության ստանդարտ մեթոդները, իսկ որոշ դեպքերում՝ գրեթե մեկուկես տարի շուտ։

Հեղինակներն ընդգծում են, որ տեխնոլոգիայի հիմնական առավելությունը ռիսկի կոպիտ դասակարգումից դեպի թերապիայի անհատականացված ընտրությանն անցնելու հնարավորությունն է։ Բոլոր բուժառուներին միատեսակ ինտենսիվ ապաքինում նշանակելու փոխարեն, բժիշկները հնարավորինս ի վիճակի լինեն կողմնորոշվել վիրահատությունից հետո մնացորդային ուռուցքի մոլեկուլային նշաններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *