Լիբանանում Վատիկանի շարասյունը ստիպված է եղել փոխել երթուղին՝ իսրայելական տանկերին հանդիպելուց հետո

Մարդասիրական շարասյունը, որը կազմակերպվել էր Լիբանանում Վատիկանի բանագնացի մասնակցությամբ և ուղևորվում էր երկրի հարավում գտնվող քրիստոնեական գյուղեր, կանգնեցրել են իսրայելցի զինվորականները և ստիպված է եղել փոխել երթուղին, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է առաքելության մասնակիցներից մեկը։ Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Դեբլ գյուղին մոտենալիս։

«Հինգշաբթի մոտենալով Դեբլ գյուղին՝ մենք դեմ առ դեմ հանդիպեցինք մի քանի իսրայելական տանկերի»,- անանունության պայմանով պատմել է շարասյան մասնակիցը։ Նա հավելել է, որ տանկերը կանգնեցրել են շարասյան շարժումը։

Նա միաժամանակ հայտնել է թիկունքային դիրքերի ուղղությամբ տանկերից և գնդացիրներից արձակված կրակոցների մասին, որոնց ծագումն անհայտ էր, ինչը խուճապ է առաջացրել առաքելության մասնակիցների շրջանում։

«Պարզ չէր՝ փորձում էին մեզ վախեցնե՞լ, թե՞ նրանք նշանառության տակ էին վերցրել «Հըզբոլլահի» դիրքերը»,- հավելել է նա։

Իսրայելական բանակը և Վատիկանը չեն պատասխանել մեկնաբանություն ստանալու վերաբերյալ Ֆրանսպրես գործակալության հարցումներին։

Շարասյունը, որը գլխավորում էր առաքելական նվիրակ Պաոլո Բորջիան, ներառում էր 25 բեռնատար և մի քանի ավտոմեքենա՝ բնակիչներով, որոնք փորձում էին վերադառնալ իրենց գյուղերը։ Երթուղին համաձայնեցված էր ՄԱԿ-ի խաղաղապահների հետ՝ հրադադարի պահպանման միջազգային դիտորդական մեխանիզմի միջոցով, որն ուղղված էր 2024 թվականին Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության ավարտին։

Ավելի քան մեկ ժամ կանգնելուց հետո շարասյունը ստիպված է եղել փոխել երթուղին և նշանակման վայր է հասել մոտ 12 ժամ անց։

«Oeuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության ղեկավար Վինսենթ Ժելոն նշել է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները փաստացիորեն մնում են մեկուսացված։ Ըստ նրա՝ նրանցից շատերը ֆերմերներ են, որոնք զրկված են իրենց դաշտերից ու ռեսուրսներից օգտվելու հնարավորությունից, իսկ բնակավայրերն իրենք «հայտնվել են անհետացման վտանգի տակ»։

Լիբանանի հարավի քրիստոնեական սահմանամերձ գյուղերի ասոցիացիան ավելի վաղ իշխանություններին կոչ էր արել անհապաղ բացել անվտանգ հումանիտար և բժշկական միջանցքներ՝ օգնություն հասցնելու և տարհանում իրականացնելու համար։

Հունիսի 2-ին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել էր մի ուսանողուհի, նրա հայրն ու եղբայրը. նրանք Բեյրութում քննությունները հանձնելուց հետո վերադառնում էին իրենց գյուղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *