ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ Պարսից ծոցով օրական արտահանվում է մոտ 7 միլիոն բարել նավթ. Քրիս Ռայթ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականների աջակցության շնորհիվ Պարսից ծոցով ներկայում օրական արտահանվում է մոտ 7 միլիոն բարել նավթ, հաղորդում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Հյուսիստոնում անցկացված էներգետիկ համաժողովում՝ նա նշել է, որ այդ ծավալը կազմում է նավթային այն հոսքի մոտավորապես կեսը, որն արգելափակվել էր Հորմուզի նեղուցում՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական հակամարտության սկսվելուց հետո։

«Մենք իրականացնում ենք ռազմական գործողություն, որի մասին շատ չենք խոսել և որը գործարկվել է համեմատաբար վերջերս՝ բեռների դուրսբերումն ապահովելու համար»,- ասել է Ռայթը։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով իրանական նավթի արտահանումն այս պահին չի իրականացվում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համաձայնության հասնելու դեպքում կվերականգնվի ազատ նավագնացությունը և բոլոր բեռների փոխադրումը Պարսից ծոցով։

Ռայթն ընդգծել է, որ նույնիսկ եթե համաձայնություն ձեռք չբերվի, ամերիկյան զինվորականները կշարունակեն աշխատանքը տարածաշրջանով նավթի մատակարարումների վերականգնման ուղղությամբ։

Նավթային շուկայի փորձագետները նշել են, որ օրական 7 միլիոն բարել հնչեցված ծավալը զգալիորեն բարձր է ոլորտի սպասումներից։ Ավելի վաղ շատ վերլուծաբաններ ենթադրում էին, որ Հորմուզի նեղուցով օրական անցնում է ընդամենը 3-4 միլիոն բարել նավթ։

Նախարարը նաև հնարավոր է համարել Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի մեղմացումը՝ կողմերի միջև համաձայնագրի կնքման դեպքում։

Բացի դրանից, Ռայթը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է ամառային ժամանակահատվածում բենզինի դաշնային հարկի ժամանակավոր չեղարկման հնարավորությունը, ինչը կարող է նպաստել սպառողների համար վառելիքի գների նվազեցմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *