ԱՄՆ Ինդիանա նահանգում ոստիկանությունը չորս ժամ ապարդյուն որոնել է երկու առյուծի, որոնց, տեղացի բնակչի վկայությամբ, նկատել էին Մեդիսոն և Հենքոկ շրջանների տարածքում, գրում է UPI-ն։
Երկու խոշոր էկզոտիկ կատվազգիների մասին հաղորդումը ստացվել է տեղական ժամանակով առավոտյան մոտ 10-ին։ Ականատեսը պնդել է, որ տեսել է մոտ 300 ֆունտ (136 կիլոգրամ) քաշ ունեցող առյուծի էգի՝ կապույտ ամրագոտով, ինչպես նաև ավելի երիտասարդ կենդանու՝ 100-ից 150 ֆունտ (45–68 կիլոգրամ) քաշով։ Նրա վկայությամբ, կենդանիները շարժվել են դեպի հարավ-արևմուտք, հետո անհետացել տեսադաշտից։
Որոնումներին մասնակցել են Մեդիսոն և Հենքոկ շրջանների շերիֆի վարչությունների աշխատակիցները, ինչպես նաև Ինդիանայի նահանգային ոստիկանությունը։ Նրանք տարածքը զննել են ցամաքային խմբերի և ջերմատեսիլներով հագեցած դրոնների օգնությամբ, սակայն խոշոր կատվազգիներին հայտնաբերել չի հաջողվել։
Տեղական WXIN-TV հեռուստաալիքի տվյալներով, ավելի վաղ կենդանիներին, իբր, նկատել էր դրոնի օպերատորը։ Միևնույն ժամանակ իշխանությունները դեռևս այդ շրջանում առյուծների առկայությունը համարում են չհաստատված։
Մոտակայքում գտնվող ոչ մի կենդանաբանական այգի կամ արգելոց չի հայտնել առյուծների կորստի մասին։ Շերիֆի վարչությունում նաև հայտարարել են, որ իրենց հայտնի չեն այս շրջանում ապրող սեփականատերեր, որոնք թույլտվություն ունեն առյուծներ մասնավոր պայմաններում պահելու համար։
Ակտիվ որոնումները որոշվել է դադարեցնել, սակայն բնակիչներին կոչ են արել զգոն լինել և կենդանիների հետ ցանկացած անսովոր հանդիպման մասին անմիջապես հայտնել իշխանություններին։