Չինական կարգավորող մարմինների փաստաթղթերում բացահայտվել են նոր էլեկտրական սուպերքար Denza Z-ի տեխնիկական բնութագրերը, գրում է Autocar-ը։
BYD ընկերությանը պատկանող Denza պրեմիում բրենդի ֆլագման մոդելը խոստանում է դառնալ աշխարհում ամենահզոր սերիական էլեկտրամոբիլներից մեկը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ուժային համակարգի համախառն հզորությունը կազմում է 1582 ձիաուժ։ Ավտոմեքենան ի վիճակի է 0-ից մինչև 100 կմ/ժ արագանալ 2 վայրկյանից էլ պակաս ժամանակում, ինչը այն դասում է Rimac Nevera հիպերքարի շարքը։ Նորույթի առավելագույն արագությունը հասնում է 349 կմ/ժ-ի։
Մոդելը կարտադրվի թափքի երկու տարբերակով։ Փափուկ ծալվող տանիքով տարբերակը կշռում է 2650 կգ, իսկ կոշտ մետաղական տանիքով տարբերակը՝ 2580 կգ։ Գնորդներին կառաջարկվի նաև սպորտային փաթեթ՝ մեծ չափի հետևի հակաթևով։ Ստանդարտ համալրմամբ առավելագույն արագությունը սահմանափակված է 299 կմ/ժ-ով, սակայն սպորտային փաթեթը թույլ կտա բացահայտել ավտոմեքենայի ամբողջ ներուժը։
Ավտոմեքենայի դիզայնը մշակել է Վոլֆգանգ Էգերը, որը հայտնի է Alfa Romeo 8C Competizione-ի վրա իր աշխատանքով։ Սերիական տարբերակի արտաքին տեսքը գրեթե ամբողջությամբ պահպանել է ավելի վաղ Պեկինի ավտոսրահում ներկայացված կոնցեպտի գծերը։
Ուժային համակարգը ներառում է երեք էլեկտրաշարժիչ՝ երկուսը հետևի առանցքի վրա և մեկը՝ առջևի։ Ավտոմեքենան նաև համալրված է ղեկային կառավարման համակարգով՝ առանց ղեկի և անիվների միջև մեխանիկական կապի (steer-by-wire), ինչպես նաև DiSus-M հարմարվող կախոցով՝ մագնիտառեոլոգիական ամորտիզատորներով։ Նույն տեխնոլոգիան կիրառվում է նաև Yangwang U9 հիպերքարում։
Կախոցի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է նախապես հարմարվել ճանապարհի անհարթություններին՝ ծածկույթի վիճակի կանխատեսման շնորհիվ։ Առայժմ չի հաստատվել, թե արդյոք Denza Z-ը կստանա «ցատկելու» տպավորիչ գործառույթը, որով հայտնի է Yangwang U9-ը։
Հետաքրքիր է, որ Denza-ն նախատեսում է սկզբում նոր սուպերքարը դուրս բերել եվրոպական շուկա և միայն դրանից հետո սկսել վաճառքները Չինաստանում։ Այսպիսով ընկերությունը մտադիր է ամրապնդել իր պրեմիում բրենդի դիրքերը այն հատվածում, որտեղ ավանդաբար գերիշխում են եվրոպական արտադրողները։