Բարենցի ծովում հաջողվել է ազատել Կարմիր գրքում գրանցված սապատավոր կետին, որն ավելի վաղ պարանի մեջ էր խճճվել Կիլդին կղզու մոտակայքում։ Կենդանու փրկության մասին Տելեգրամում հայտնել է ծովային կաթնասունների մասնագետ, Մուրմանսկի արկտիկական համալսարանի աշխատակից Անաստասիա Կունիցան։
Ըստ Կունիցայի տվյալների՝ պարանը կապվել էր կետի կրծքային լողակներին, ինչի պատճառով նա կարողացել է շարժվել միայն պոչի և մարմնի շնորհիվ։ Դա զգալիորեն դանդաղեցրել էր կենդանու տեղաշարժը, բայց միևնույն ժամանակ օգնել է փրկարարներին զգուշությամբ մոտենալ նրան ու իրականացնել գործողությունը։
Կետին պարաններից արձակելու թույլտվությունը նախօրեին տվել էր «Ռոսպրիռոդնադզորը»։ Գործողությունը համակարգել է Մուրմանսկի արկտիկական համալսարանը, իսկ աշխատանքներին ներգրավվել են Սախալինից ժամանած սերտիֆիկացված մասնագետներ։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», տարածքի անվտանգությունն ապահովել են սահմանապահները և սահմանափակել նավերի երթևեկությունը։
Կետին նկատել են հունիսի 5-ին՝ վնասվածքների հետքերով, որոնք տեղ-տեղ հասել են մինչև ենթամաշկային ճարպաշերտ։ Հենց առաջին փորձից փրկարարներին հաջողվել է հեռացնել պարանը։ Գործողությունը բարեհաջող ավարտ է ունեցել։