Լեքորնյու. օտարերկրյա միջամտությունը և ԱԲ-ն լուրջ ռիսկեր են ստեղծում Ֆրանսիայում ընտրությունների համար

Ֆրանսիայի իշխանություններն ուժեղացնում են 2027 թվականի նախագահական ընտրություններին նախապատրաստությունը՝ հնարավոր օտարերկրյա միջամտության և արհեստական բանականության տեխնոլոգիաների արագ զարգացման շուրջ մտահոգությունների ֆոնին, տեղեկացրել է France 24-ը։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեքորնյուն հանդիպում է ունեցել տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նվիրված ընտրական գործընթացին միջամտության ռիսկերին։ Ըստ նրա՝ խոսքը «լուրջ սպառնալիքների» մասին է, որոնք կարող են առնչվել երկրի ամբողջ քաղաքական դասին։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում գեներատիվ արհեստական բանականության զարգացումը, որը, փորձագետների գնահատմամբ, զգալիորեն հեշտացնում է ապատեղեկատվական արշավների համար համոզիչ տեքստերի, աուդիո- և տեսանյութերի ստեղծումը։ Կիբեռանվտանգության ֆրանսիացի մասնագետները զգուշացնում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նման գործողությունները մասշտաբայնացնել և դրանք ավելի հասանելի դարձնել կազմակերպիչների համար։

Ֆրանսիայի իշխանությունները հիշեցրել են, որ 2017 թվականին Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի վրա կիբեռհարձակումից հետո երկիրը զգալիորեն ուժեղացրել է արտաքին միջամտությանը հակազդելու միջոցները։ Այս աշխատանքում առանցքային դեր է խաղում 2021 թվականին ստեղծված VIGINUM ծառայությունը, որը զբաղվում է օտարերկրյա տեղեկատվական գործողությունների բացահայտմամբ և վերլուծությամբ։

Փորձագետների գնահատմամբ՝ Ֆրանսիան այսօր եվրոպական այն երկրների շարքում է, որոնք առավել պատրաստված են նման սպառնալիքներին հակազդելուն։ Այնուամենայնիվ, մասնագետներն ընդգծել են, որ ընտրությունների պաշտպանության հաջողությունը կախված կլինի ոչ միայն պետական կառույցներից, այլև քաղաքական կուսակցությունների պատրաստակամությունից՝ ապահովելու իրենց համակարգերի կիբեռանվտանգությունը, ինչպես նաև հասարակության կարողությունից՝ քննադատաբար գնահատելու տարածվող տեղեկատվությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *