Գեներալ Ջավիդան. Իրանի սահմանների անվտանգության մակարդակը բարձր է

Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարությունը հայտնել է, որ երկրի սահմանների անվտանգության մակարդակը բարձր է, իսկ ստորաբաժանումները լիովին պատրաստ են օպերատիվ խնդիրների կատարմանը, հատկապես արևմտյան ուղղությամբ, տեղեկացնում է Mehr-ը։

Հայտարարությունն արել է սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադի գեներալ Ալի-Աքբար Ջավիդանը՝ Քերմանշահ նահանգի սահմանամերձ շրջաններ տեսչական այցի ընթացքում։

Ըստ նրա, սահմանապահ ուժերը գործում են լիակատար պատրաստականության ռեժիմում և իրենց աշխատանքը համակարգում են զինված ուժերի մյուս ստորաբաժանումների հետ։

«Իրանի սահմանապահ ծառայությունը, հատկապես երկրի արևմտյան սահմաններում, գտնվում է լիակատար օպերատիվ պատրաստականության մեջ», – հայտարարել է Ջավիդանը։ Նա հավելել է, որ բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցությամբ ապահովվում է անվտանգության հնարավորինս բարձր մակարդակ։

Նա նաև նշել է սահմանամերձ շրջաններում տեղական բնակչության դերը՝ այն անվանելով կայունության պահպանման կարևոր գործոն։

Հրամանատարն ընդգծել է, որ անվտանգության խախտման ցանկացած փորձ կկանխվի։

«Սահմանապահները սահմանամերձ շրջաններում գտնվում են լիակատար զգոնության վիճակում, և ահաբեկչական խմբերի կամ անվտանգությունը խախտող տարրերի ցանկացած գործողություն կարժանանա վճռական և զսպող պատասխանի», – ասել է նա։

Ըստ Ջավիդանի, առևտրային գործունեությունը և սահմանային տերմինալների աշխատանքը շարունակվում են օրենսդրության շրջանակում, միաժամանակ իրականացվում է պայքար մաքսանենգության և ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։

Նա նաև նշել է, որ հարևան երկրների, այդ թվում՝ Իրաքի հետ համագործակցությունը զարգանում է դրական հունով և ներառում է տեղեկատվության փոխանակում ու անվտանգության հարցերով համակարգում։

Իրանցի գեներալը նշել է, որ սահմանապահ ծառայությունները պատրաստվում են առաջիկա Արբաին կրոնական ուխտագնացությանը և անցակետերում, այդ թվում՝ Խոսրավիի անցակետում, անվտանգության ու անցման ռեժիմի ապահովմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *