324 միլիոն տարի առաջ ապրած արտասովոր միջատն ունեցել է 24 ոտք․ հետազոտություն

Քանի՞ ոտք ունեն սողացող միջատները։ Դե, եթե խոսքը սարդակերպերի մասին է, պատասխանը կարող է լինել ութ, բազմոտանիներինը՝ 34-ից մինչև 1300… իսկ եթե դա սովորական միջին վիճակագրական միջատ է, ապա, հավանաբար, մոտ վեց։ 

Սակայն Տեխասից հայտնաբերված բրածոն ուսումնասիրող հետազոտողները պարզել են, որ այս հնագույն միջատն ունեցել է բավականին անսովոր քանակի ոտքեր՝ 24։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Այս բացահայտումը շատ կարևոր է․ այն կարող է բացատրել, թե ինչու են միջատների հեռավոր նախնիները փորձարկում ոտքերի տարբեր ձևեր ու քանակներ, մինչև վերջնականապես վեցի վրա կանգ կառնեկը, հայտնում է Planet Today-ը։

Հայտնաբերված բրածոն նոր տեսակ է, որը կոչվել է Chosha praecursor։ Նրա մարմնի երկարությունը կազմել է մոտ 49 միլիմետր, իսկ տարիքը՝ մոտավորապես 324 միլիոն տարի։ 

«Սեռային անվանումը ծագում է նավախո լեզվի «ch’osh» բառից, որը նշանակում է «միջատ» և հղում է անում նավախոների աշխարհի արարման առասպելին, ըստ որի առաջին մայրցամաքը բնակեցված է եղել հնագույն միջատանման արարածներով, որոնց ժառանգներն էլ բնակեցրել են Երկիրը։ Սա բացատրում է բրածոյի հնությունը և դրա նշանակությունը մեր պատկերացումների համար, թե ինչպես են վեցոտանի կենդանիները յուրացրել ցամաքը», — բացատրում են հեղինակները։  

Բազմաթիվ վերջույթներից վեցը, ըստ երևույթին, ծառայել են քայլելու համար։ Այն նույնիսկ ունի ձվադիր, ինչը համապատասխանում է ժամանակակից միջատների մեծ մասի մարմնի հիմնական կառուցվածքին։ Բոլոր ժամանակակից վեցոտանի միջատներն ունեն վեց քայլող վերջույթ՝ ամրացված կրծքավանդակին, և ոչ մեկը ամրացած չէ փորին։ 

Սակայն C. praecursor-ի դեպքում փորիկի 1–9 հատվածներում նույնպես վերջույթներ են եղել։ Դրանց ծայրերն ավելի շատ թիակներ են հիշեցրել, քան քայլող ոտքեր։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ C. praecursor-ը կիսաջրային կամ երկկենցաղ կյանք է վարել՝ ապրելով ցամաքի ու ջրի սահմանագծին։

«Սա զվարճալի է, — ասել է հետազոտության համահեղինակ Էրիկ Տիխելկան։ — Մենք միջատներին անվանում ենք վեցոտանիներ, այսինքն՝ վեց ոտք ունեցողներ։ Բայց պարզվում է, որ նախնական ձևերն ունեցել են շատ ավելի շատ ոտքեր»։

Բացի C. praecursor-ից, հետազոտողների խումբն ուսումնասիրել է ևս երկու բրածո նմուշ և պարզել, որ դրանք բոլորը պատկանում են միջատների պրիմիտիվ ցողունային խմբին, ինչը օգնում է լրացնել միջատների վաղ էվոլյուցիոն պատմության բացը։ Քանի որ ժամանակակից միջատների փորի վրա վերջույթներ չկան, ենթադրվում է, որ այս փորային հավելումների կորուստը եղել է ավելի ցամաքային կենսակերպին հարմարվելու հիմնական նորարարություններից մեկը։ 

Բացառիկ լավ պահպանված բրածոները կարող են մեզ շատ բան պատմել միջատների կենսակերպի մասին՝ նույնիսկ միլիոնավոր տարիներ անց։ Դրանք կարող են նույնիսկ պահպանել օրգաններ, որոնք հետազոտողները հետագայում կարող են օգտագործել յուրայի ժամանակաշրջանում ապրած միջատների արձակած ձայները վերականգնելու համար։ 

Ըստ հետազոտության՝ միջատների նախնիները եղել են խեցգետնակերպեր, որոնք ունեցել են այդ լրացուցիչ վերջույթները։ Հետագայում նրանց մարմնի կառուցվածքը պարզեցվել է, և այժմյան ցամաքային միջատների մոտ (իրենց վեց կրծքային ոտքերով) դրանք ի վերջո իսպառ անհետացել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *