ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական բոլոր գինիների ու շամպայնի համար, եթե Փարիզը չչեղարկի Միացյալ Նահանգների տեխնոլոգիական ընկերությունների դեմ ուղղված թվային հարկը։
Ինչպես New York Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը, նա Մակրոնից պահանջել է չեղարկել տեխնոլոգիական ընկերությունների համար սահմանված 3%-անոց հարկը, այլապես Ֆրանսիան ամերիկյան շուկայում կարող է բախվել կործանարար մաքսատուրքերի։
«Ես խնդրեցի նրան (Մակրոնին) հարկեր չսահմանել ամերիկյան ընկերությունների վրա, և եթե նրանք, այնուամենայնիվ, անեն դա, ես այլընտրանք չեմ ունենա, քան 100%-անոց մաքսատուրք սահմանել Ֆրանսիայում արտադրվող ողջ շամպայնի և բոլոր տեսակի գինիների համար», — ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Մակրոնը նման ճնշումից խուսափելու համար պարզապես պետք է «չեղարկի վաճառքի հարկը»։