Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ


Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջիկա ամիսներին զբաղվելու է TRIPP-ի իրագործելիության գնահատմամբ։ Նա միացել է Policy and Management Consulting Group միջազգային խորհրդատվական ընկերությանը որպես ավագ խորհրդական։

TRIPP-ի հետ կապված մեկ այլ տեղեկություն էլ կա․ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան TRIPP նախագծին առնչվող հարցեր։

Policy and Management Consulting Group-ը, որին միացել է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ընկերությունների միջազգային ցանց է, որն այժմ գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։

Գրիգորյանը մասնակցում է TRIPP-ի իրագործելիության գնահատմանը։ Սեպտեմբերի 9-ին PMCG-ի պաշտոնական կայքում Արմեն Գրիգորյանին առնչվող հրապարակման մեջ հատուկ ընդգծված է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փորձն օգտագործելու նպատակադրումը։ Առայժմ մանրամասներ չկան, թե ով է TRIPP-ի իրագործելիության գնահատման անմիջական պատվիրատուն, ինչ պայմանագրի հիման վրա է ներգրավված այս կառույցը և ինչ ծավալի աշխատանք է ստանձնել։ Հետևաբար, թերևս, դեռ վաղ է PMCG-ն դիտարկել որպես ողջ TRIPP նախագծի գլխավոր խորհրդատու։

Հնարավոր բոլոր հարցերը հավանաբար առաջիկայում կպարզվեն խորհրդարանում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի տվյալներով՝ TRIPP-ի պայմանագիրը շուտով կներկայացվի ԱԺ քննարկմանը։

Այս ընթացքում նոր իրողություններ կան․ սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը։ Բաքվից պաշտոնապես հաղորդվող մանրամասները շատ չեն, սակայն ընդգծվում է, որ քննարկվել են հայ-ամերիկյան TRIPP նախագծին առնչվող հարցեր։ Սարգիս Խանդանյանի համար արտառոց չէ, որ առանց Հայաստանի ներկայացուցչի է քննարկվել այդ հարցը։

«Չինաստանից մինչև Պորտուգալիա բոլորը հիմա TRIPP-ի մասին են խոսում, էլ չասեմ, որ TRIPP-ի շրջանակային համաձայնագրում, որը առաջիկա շաբաթներին կգա խորհրդարան, գրված է, որ այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջևանի  հետ, ուստի ակնհայտ է չէ՞, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ TRIPP-ը հնարավորինս արագ, արդյունավետ, որակյալ իրագործվի, որպեսզի իր կապը Նախիջևանի հետ կարճանա և ավելի արդյունավետ դառնա։ Այդ ենթակառուցվածքները, որ Հայաստանով են անցնելու, երկու կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ են կապվելու, և բնական է, որ այս հարցերը քննարկվում են։ Այս հարցերը Ադրբեջանը և Հայաստանը միմյանց հետ էլ են քննարկում երկկողմ ֆորմատում»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հաստատել է, որ ամերիկացի գործընկերները կանոնավոր կերպով իրենց տեղեկություններ են հաղորդում հայ-ամերիկյան TRIPP նախագծի մասին։

Ադրբեջանցի դիվանագետը դա միանգամայն բնական է համարել՝ նկատելով, որ նախագիծն առանց Ադրբեջանի մասնակցության հնարավոր չէ։

Ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքու էր մեկնել Սյունիքի մի շարք համայնքների բնակիչների հետ հանդիպումից 5 օր անց։ Սյունիքում նա ասել էր․

«Սկզբից անդրադառնամ բոլորին հետաքրքրող հարցերին ինչո՞ւ հիմնարկեքը չի կազմակերպվումինչո՞ւ բուն աշխատանքները դեռ չեն սկսվել։ Սա պարզ ծրագիր չէ դրանում ներգրավված են երկու տարբեր կառավարություններ։ Երկու պետություններն ունեն իրավական տարբեր համակարգերկան նաև ինժեներական ու շինարարական հարցերայդ թվում՝ հստակեցնելութե ճանապարհը որտեղով է անցնելու։ Մեղրիում, օրինակ, հարցրին, թե երկաթգծի կառուցումն ինչպես է ազդելու տարածքում գտնվող ջրագծերի, ոռոգման համակարգերի վրա։ Մինչև շինարարությունը սկսելը մենք պիտի ունենանք այս հարցերի պատասխանները»։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնել են՝ քանի որ TRIPP-ը տեսականից անցնում է իրականացման փուլ, պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ են կազմակերպել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Բաքու՝ աջակցելու TRIPP-ի գաղափարին։ Նախագծին առնչվող մեկ այլ հարց էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն է։ Բայրամովը հերթական անգամ հայտարարել էր, որ աշխատանքները կընթանան հյուսիսից-հարավ։ Սարգիս Խանդանյանը ճշգրտում է․   

«Դա անցած տարվա  որոշում է, բայց այստեղ մի նրբություն կա երբ TRIPP-ը սկսի արդեն  իրագործվելհավանականություն կաոր մասնակի սահմանազատում  կիրականացվի այն հատվածներումորտեղովօրինակպետք է երկաթուղին անցնի կամ այն հատվածում, որտեղով պետք է նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերն անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է՝ չասեմ շեղում, բայց տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների վերաբերյալ, բայց ընդհանուր տրամաբանությունն է, որ պետք է հյուսիս-հարավով լինի»։

Դեյվիդ Ալենի՝ Բաքու այցից հետո ադրբեջանական կողմը տարածել է, որ TRIPP-ի ֆիզիկական աշխատանքների սկիզբը տեղափոխվել է 2027 թվական։

armradio.am


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *