Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով ԵՄ-ն ավելի քան 41 միլիարդ եվրոյի հավելյալ ծախս է կատարել վառելիքի համար

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով էներգակիրները կտրուկ թանկացել են, ինչի պատճառով Եվրամիության (ԵՄ) երկրները ստիպված են լրացուցիչ միջոցներ հատկացնել նավթի և գազի գնման համար։ «Իզվեստիա»-ի հաշվարկներով՝ այդ հավելյալ ծախսերն արդեն անցնում են 41 միլիարդ եվրոն:

Ծախսերի աճն առավել նկատելիորեն ազդել է միավորման խոշորագույն տնտեսությունների վրա։ Այսպես, Գերմանիայի լրացուցիչ ծախսերը գնահատվում են €8,6 մլրդ, Իտալիայինը՝ €6,7 մլրդ, Ֆրանսիայինը՝ €4,6 մլրդ։

«Freedom Global»-ի վերլուծաբան Վլադիմիր Չեռնովը նշում է, որ այս երկրներն ունեն հզոր արդյունաբերություն և հանդիսանում են հումքի հիմնական սպառողներից, ուստի մեծապես կախված են էներգառեսուրսների ներկրումից։ Թանկացման հետևանքներն անխուսափելիորեն կզգան թե՛ ընկերությունները, թե՛ շարքային քաղաքացիները, քանի որ վառելիքի ու էլեկտրաէներգիայի բարձր գինը ներառվելու է ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ։

ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի դասախոս Յուրի Մավաշևն իր հերթին հիշեցնում է, որ նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման ցանկացած խափանում ավանդաբար հանգեցնում է համաշխարհային գների աճի։ Արդյունքում՝ մեծանում են տնային տնտեսությունների ջեռուցման ու կոմունալ ծառայությունների վրա ծախսվող գումարները, իսկ ձեռնարկությունները բախվում են արտադրական ծախսերի ավելացման խնդրին։

Չնայած մերձավորարևելյան ճգնաժամի բացասական ազդեցությանը՝ համաշխարհային տնտեսությունն առայժմ պահպանում է աճի դրական դինամիկան, կարծում է տնտեսագետ Օլգա Գոգալաձեն։ Նրա կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը նախորդ տարվա 3,2%-ի համեմատ կարող են դանդաղել՝ հասնելով 2,7–2,8%-ի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *