Պենտագոնը մտադիր է արագացնել հրթիռների արտադրությունը՝ էժան սպառազինության հաշվին․ WSJ

Պենտագոնը մտադիր է ավելացնել հրթիռների արտադրությունը և կրճատել սպառազինության ծախսերը՝ ավելի էժան հրթիռային համակարգերի մշակման հաշվին։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն օգտագործում են պայմանագրերի ոչ ստանդարտ սխեմաներ և պաշտպանական ընկերություններին հանձնարարում են զրոյից ստեղծել սպառազինության նոր տեսակները։ Սա արվում է արտադրության ժամկետները տարիներով կրճատելու և արտադրանքի ինքնարժեքը հարյուր միլիոնավոր դոլարներով նվազեցնելու նպատակով։ Մասնավորապես, ԱՄՆ բանակն այժմ իրականացնում է կոնտեյներային հրթիռների ստեղծման ծրագիր, որոնցից մեկ միավորի արժեքը չի գերազանցում 500 հազար դոլարը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրթիռների մշակման նախագիծ՝ մեկ միավորի համար 250 հազար դոլարից պակաս արժողությամբ։

Ինչպես նշում է թերթը, նոր ծրագրերը նախատեսված չեն գոյություն ունեցող բարձր տեխնոլոգիական հրթիռներն արագորեն փոխարինելու համար, ինչպիսիք են, օրինակ, Patriot համակարգի կալանիչ հրթիռները։ Մեկ հրթիռն արժե շուրջ 4 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ռազմական ղեկավարությունը հույս ունի արդեն իսկ ստեղծել արտադրական լրացուցիչ հզորություններ և ընդլայնել սպառազինության ընտրությունն ապագայի համար։

The Wall Street Journal-ն ընդգծում է, որ սպառազինության արտադրության գների աճն ու ժամկետների երկարաձգումը մնում են ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի հիմնական խնդիրներից մեկը։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը վերջին ամիսներին խոստացել են խստացնել պաշտպանական կապալառուների գործունեության և նրանց արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *