
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության գործընթացին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կանխել ցանկացած ապակայունացում։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Դիլիջան։ Փաշինյանը նշեց, որ նման շփումները վկայում են այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակում է զարգանալ ինստիտուցիոնալ մակարդակով։
Վարչապետը նաև հայտարարեց, որ 2029 թվականին նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, եթե հրավեր ստանա, պատրաստ է այցելել Բաքու։
Միաժամանակ Փաշինյանն անդրադարձավ Ղարաբաղյան շարժման թեմային՝ նշելով, որ Հայաստանում դեռևս կան հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք կարծում են, որ այդ շարժումը պետք է շարունակվի։ Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է թույլ չտա, որպեսզի այդ օրակարգը նորից դառնա ներքաղաքական և տարածաշրջանային լարվածության աղբյուր։
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի կայունության և խաղաղության պահպանությունը՝ բացառելով իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ։
«2029 թվականին Եվրոպական համյանքի քաղաքական գագաթնաժողովին, եթե, իհարկե, հրավեր լինի, ես էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու»,- ասել է նա: