Իլոն Մասկի xAI ընկերության մշակած Grok արհեստական բանականությունն օգտագործում են ամերիկյան զինվորականները հարվածների համար թիրախների ընտրության ծրագրում, դրանց թվում՝ Իրանի դեմ գործողությունների ընթացքում։ Դրա մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական փաստաթղթերում, որոնց ծանոթացել է Ֆրանսպրես գործակալությունը։
Տեղեկությունը պարունակվում է հունիսի 15-ի կառավարական հուշագրում, որը պատրաստվել է xAI-ի տվյալների մշակման խոշոր կենտրոնն էներգիայով ապահովող գազային տուրբինների շուրջ դատական քննության շրջանակում։ Ընկերության դեմ էկոլոգիական հայց է ներկայացրել NAACP-ն (Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան)։
Փաստաթղթում արդարադատության նախարարությունը պնդում է, որ տվյալների կենտրոնի աշխատանքը սահմանափակելու փորձը կարող է վնաս հասցնել ԱՄՆ ազգային, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, քանի որ դրա հզորություններն օգտագործվում են արհեստական բանականության այնպիսի համակարգերի մշակման համար, որոնք աջակցում են ամերիկյան պաշտպանական գերատեսչության ռազմական գործողություններին։
Որպես ապացույց կառավարությունը ներկայացրել է Պենտագոնում արհեստական բանականության ծրագրերի ղեկավար Քեմերոն Սթենլիի ցուցմունքը։ Երդման տակ նա հայտնել է, որ Grok-ն արդեն կիրառվում է Maven նախագծի՝ թիրախների որոնման և ընտրության համար արհեստական բանականության օգտագործման ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրի շրջանակում։
Ըստներկայացված նյութերի՝ Maven Smart Systems համակարգը ամերիկյան զինվորականներին հնարավորություն է տվել Epic Fury գործողության ընթացքում 96 ժամվա ընթացքում հարվածներ հասցնել ավելի քան երկու հազար տարբեր թիրախների՝ կիրառելով ավելի քան երկու հազար զինամթերք։
Սթենլին նշել է նաև «օպերատիվ արդյունավետության զգալի բարձրացումը», որին հաջողվել է հասնել Grok Gov մոդելի օգտագործման շնորհիվ։
Դատական վեճը կապված է NAACP-ի հայցի հետ, որը մեղադրում է xAI-ին տասնյակ գազային տուրբիններ առանց անհրաժեշտ թույլտվությունների շահագործելու և «Մաքուր օդի մասին» օրենքը խախտելու մեջ։ Կազմակերպությունը հայտարարում է, որ սարքավորումների աշխատանքը հանգեցնում է հիմնականում աֆրոամերիկացիներով բնակեցված շրջանների աղտոտմանը։ xAI-ում պատասխանում են, որ տուրբինները ժամանակավոր և շարժական կայանքներ են, ուստի չեն ընկնում համապատասխան կարգավորող պահանջների տակ։
Գործի նյութերում ասվում է նաև, որ փետրվարի վերջին ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է համագործակցությունը Anthropic ընկերության հետ այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է թույլատրել իր մոդելների օգտագործումը լիովին ավտոմատացված հարվածներ հասցնելու և ամերիկյան քաղաքացիների զանգվածային հետևման համար։
Դրանից հետո Պենտագոնն սկսել է ավելի ակտիվորեն համագործակցել արհեստական բանականության այլ մշակողների, դրանց թվում՝ Google-ի, OpenAI-ի և xAI-ի հետ։
Ընդ որում, ռազմական ոլորտում ԱԲ-ի ներդրումը շարունակվում է աստիճանաբար։ Ըստ փաստաթղթերի՝ դեռևս մարտին ամերիկյան իշխանություններն ընդունում էին, որ Իրանի դեմ ռազմական գործողություններում շարունակում էր օգտագործվել Anthropic ընկերության Claude մոդելը։