Կեղծված ձայներով խորհրդարան եւ ոչ լեգիտիմ վարչապետ հայ ժողովրդին պետք չէ

Իմ զրուցակիցը գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմին է։

– Հունիսի 7-ի ընտրություններից հետո քաղաքական դաշտը կրկին մտել է լարված քննարկումների փուլ։ Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքը։

– Մենք վաղուց ենք մտել մի փուլ, որտեղ քաղաքական գործընթացներն այլեւս չեն ընթանում միայն դասական տրամաբանությամբ։ Սա երկար կուտակված-կայունացած վիճակ է՝ հասարակական հիասթափությունների, քաղաքական սխալների եւ կառավարման խոր ճգնաժամի խառնուրդ։ Ես տարիներ շարունակ զգուշացնում էի, որ եթե պետությունը կորցնում է ներքին հավասարակշռությունը, ապա ընտրությունները դառնում են ոչ թե շրջադարձ, այլ արդեն ձեւավորված ընթացքի արձանագրում։ Հունիսի 7-ն այդ ընթացքի շարունակությունն էր․ ոչ թե շրջադարձ, այլ՝ հետեւանք։ Ես սա վաղուց արդեն չեմ դիտում որպես մեկ ընտրության պատմություն։ Սա ամբողջ համակարգի պատմությունն է։ Երբ պետության ներսում տարիներով կուտակվում է անվստահություն, երբ ինստիտուտները դադարում են աշխատել հասկանալի տրամաբանությամբ, ընտրությունը դառնում է ոչ թե ընտրություն, այլ արդեն ձեւավորված եւ խեղված իրականության ամրագրում։

– Այս համատեքստում հաճախ քննարկվում է նաեւ ընդդիմության դերը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում փոխել իրավիճակը։

– Որովհետեւ ընդդիմությունը դեռ չի դարձել մեկ միասնական քաղաքական կամք։ Հայ հասարակությունը սպասում է ոչ թե բազմաձայն հայտարարությունների, այլ՝ հստակ կենտրոնի, հստակ պատասխանատվության եւ գործողության։ Երբ այդ կենտրոնը չկա, նույնիսկ ճիշտ խոսքը կորցնում է իր ուժը։ Ես չեմ ասում, որ ընդդիմությունը ոչինչ չի անում։ Բայց քաղաքական պայքարում կարեւոր է ոչ միայն խոսել, այլ նաեւ կառուցել վստահություն, հետեւողականություն եւ կազմակերպվածություն։

– Դուք հաճախ խոսում եք պետության ներսից քայքայման մասին։ Որտե՞ղ եք տեսնում այդ գործընթացի արմատը։

– Արմատը շատ ավելի խորն է, քան մարդիկ փորձում են պատկերացնել։ Պետությունը քանդվում է այն պահին, երբ ներսում սկսում է փոխվել պատասխանատվության ընկալումը։ Երբ պետական մտածողությունը փոխարինվում է իրավիճակային հաշվարկով, երբ ամեն քայլ արվում է ոչ թե պետության երկարաժամկետ շահի, այլ պահի շահի համար, համակարգը սկսում է դանդաղ կորցնել իր ողնաշարը։ Սա աղմկոտ գործընթաց չէ։ Սա լուռ քանդում ու քանդարարություն է։

– Հասարակության մեջ կա ընկալում՝ քաղաքական դաշտը փակուղում է։ Համաձա՞յն եք։

– Փակուղի լինում է այնտեղ, որտեղ չկա շարժման կամք։ Ես չեմ հավատում, որ փակուղին վերջնական վիճակ է։ Բայց ես տեսնում եմ հոգնածություն՝ թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական դաշտում։ Երբ հասարակությունը երկար ժամանակ ապրում է անորոշության մեջ, սկսում է սովորել այդ անորոշությանը։ Իսկ դա ամենավտանգավոր պահն է, երբ մարդիկ այլեւս չեն զարմանում։

– Եթե շեշտն ուղիղ դնենք, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի իրական քաղաքական փոփոխություն լինի։

– Եթե ընդդիմությունը մտածում է, որ փոփոխությունը կարող է գալ ինքնաբերաբար, ապա սխալվում է։ Փոփոխությունը կազմակերպվում է, կառուցվում է, պաշտպանվում է։ Նախ՝ պետք է վերջ տալ հատվածական պայքարին։ Բազմաձայնությունը քաղաքական ուժ չի ստեղծում, այն ստեղծում է աղմուկ։ Երկրորդ․ պետք է խոսել ժողովրդի հետ ոչ թե միայն ցավի լեզվով, այլ նաեւ «ճանապարհի» լեզվով։ Եվ երրորդ․ պետք է վերականգնվի վստահությունը՝ ո՛չ խոսքերով, այլ՝ հետեւողականությամբ։

– Ձեր խոսքում կա նաեւ հուզականություն։ Ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում այսօր։

– Ինձ մտահոգում է պետության «հոգնածությունը»։ Երբ պետությունը երկար ժամանակ ապրում է լարվածության, բաժանվածության եւ անվստահության մեջ, սկսում է հոգնել ոչ միայն իշխանությունը կամ ընդդիմությունը, այլեւ հենց հասարակությունը։ Իսկ հոգնած հասարակությունը դառնում է խոցելի։ Դա ամենավտանգավոր վիճակներից մեկն է՝ ցանկացած երկրի համար։

– Կա՞ արդյոք պահ, որտեղ, ըստ Ձեզ, իրավիճակը դարձել է չափազանց վտանգավոր։

– Այդ իրավիճակի «տեսական» լինելու փուլն անցել է։ Երբ պետությունը սկսում է չդիմադրել ներսից եկող քայքայմանը, նա աստիճանաբար սկսում է համաձայնել իր վիճակին։ Եվ հենց այստեղ է վտանգը՝ ոչ թե հանկարծակի պայթյունի, այլ «սովորականացման» մեջ։ Սովորում են կորստին, սովորում են լռությանը, սովորում են չհարցնել։

– Վերջին շրջանում քաղաքական իրականության մասին բավական կոշտ ձեւակերպումներ եք օգտագործում։ Ինչի՞ց է գալիս այդ դիրքորոշումը։

– Ես գրող եմ, ոչ թե հաշվիչ մեքենա։ Երբ երկիրը կանգնած է ծանր փորձության առաջ, լեզուն չի կարող մնալ չեզոք։ Չեզոքությունը երբեմն դառնում է հեռացում իրականությունից։ Ես չեմ գրում հաճելի լինելու համար։ Ես գրում եմ, որովհետեւ չեմ ուզում, որ իրականությունը թաքցվի գեղեցիկ բառերի տակ։

– Ո՞րն է Ձեր ամենակոշտ ուղերձը քաղաքական ուժերին եւ հասարակությանը։

– Ես կասեմ առանց փափկեցնելու։ Եթե ժողովուրդը չի դիմադրում երկրի քայքայմանը, ուրեմն համաձայնում է կործանման հետ։ Եվ այդ պահից սկսած՝ քաղաքական պայքարն այլեւս միայն իշխանության մասին չէ։ Այդ պայքարն արդեն գոյության մասին է։ Իսկ գոյությունը չի պահվում հայտարարություններով։ Այն պահվում է կամքով։ Ժողովուրդը մակուլատուրա՞ է․ինչ ուզում՝ անում են՝ բակլան եփած են ցանում։ Եթե դաշտերն ու տաշտերը դատարկ մնան, ժողովրդի կաշին են քերթելու։ Այ քեզ ընտրությո՜ւն․մի ստահակ բազմաթիվ մարդկանց ձայները, որ կարող են բարելավել երկրի կառավարման որակը, հանել է հաշվառումից, արգելափակել է այդ մարդկանց քաղաքացիական իրավունքները։ Մի կուսակցություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, որն իրավունք է ստացել մտնելու խորհրդարան, մասնակցելու երկրի կառավարման գործընթացին, կամայականության եւ երկրի շահերին դավաճանելու հետեւանքով մնացել է դուրս։ Համատարած կեղծված ձայներով խորհրդարան եւ ոչ լեգիտիմ վարչապետ հայ ժողովրդին պետք չէ։ Ինչպիսի գին էլ պահանջվի, առանց երկնչելու՝ ընդդիմությունը պարտավոր է օգնության կանչել ժողովրդին։ Հակառակ պարագայում՝ ընդդիմությունը կմեղադրվի դավաճանության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *