Այդ տեղամասերում որտեղ ընտրության արդյունքները անվավեր են ճանաչվել, «Քաղաքացիական պայմանագիրը» 1800 ձայն է ստացել և ձևավորել է մեծամասնություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի դիտարկմանը, որ ժամանակին ինքը հայտարարում էր, որ յուրաքանչյուր քաղաքացու քվե շատ կարևոր է իր համար, իսկ հիմա երեք տեղամասերի արդյունքներ անվավեր են ճանաչվել, որտեղ քվեարկել է ավելի քան 2600 քաղաքացի։
«Ընդդիմությունն այս ընթացքում ասել է՝ մանդատագողությամբ եք զբաղվել, և դուք լեգիտիմության խնդիր ունեք, Ծառուկյանի ձայներն եք գողացել։ Ես ձեզ դա չեմ ասում, բայց ընդամենը հարցնում եմ՝ ի՞նչ անեն 2600 քաղաքացիները, որոնք քվեարկել են այդ ընտրատեղամասերում»,–հարց ուղղեց լրագրողը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ տեղամասերում այն համամասնությամբ են քվեարկել, ինչ մնացած բոլոր տեղամասերում կամ ինչ ընդհանուր երկրի պատկերն է և այդ քաղաքացիների ձայնը այդքանով արտահայտվել է։
Մնացած մասով, Ընտրական օրենսգրքով հստակ բանաձև է դրված և այդ բանաձևով հաշվարկվել է։ Հիմա ի՞նչ են ասում, ի՞նչ չեն ասում, վերև են թռնում, ներքև են իջնում, հստակ բանաձևը դրած է։ Ընդ որում, այդ տեղամասերում, որտեղ անվավեր է ճանաչվել, առաջին բրիֆինգի ժամանակ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց այդ տեղամասերի մասին էին ինձ հարցեր տալիս, ասում էին՝ այդ տեղամասերում խնդիրներ կան, քաղաքացիական հասարակություն էր պահանջում, որ չեղարկվեն ընտրությունները այդտեղ։
Հիմա դուք ուզում եք, որ բաց քվեարկություն տեղի ունենա՞։ Դրան Վենետիկի հանձնաժողովն էլ է անդրադարձել ժամանակին, մեր Սահմանադրական դատարանն էլ է անդրադարձել շատ վաղուց։ Այսինքն մաքուր իրավական լուծում է տրված հարցին, և այդտեղ որևէ քաղաքական շահարկման տեղ ընդհանրապես չկա»,–ասաց նա։