Մոսկվան նույնպես կայրվի, եթե․․․ Զելենսկին զգուշացրել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի պատերազմը, Կիևը կպատասխանի հարձակումներին և չի թողնի, որ դրանք անպատիժ մնան։

Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ավելացումը և տնտեսական ճնշումը համարում է խաղաղության հասնելու հիմնական գործիք։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ձգտում հակամարտության և հետաքրքրված չէ դրա երկարաձգմամբ, այլ կգործի հետագա սրացմանն ի պատասխան։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է բախվի իր գործողությունների հետևանքներին, եթե շարունակի ռազմական գործողությունները։ Զելենսկու խոսքով, ռազմական գործողությունների շարունակությունը կհանգեցնի փոխադարձ կործանարար հետևանքների՝ ընդգծելով, որ հակամարտության սրացումը լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի համար․

«Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի», – հայտարարել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարձակմանը։ Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է գրեթե 200 ԱԹՍ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվային մոտենալիս խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 180-ի։ Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին և «Սադովոդ» առևտրի կենտրոնի շենքերից մեկին։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման պատճառով։

Հաղորդվել է նաև շուրջ երկու տասնյակ վիրավորի մասին, որոնց մեջ նաև երեխաներ կան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *