Արցախի մշակույթն անտեր է մնացել

«Արցախի արվեստագործների միություն» ՀԿ-ն, որն անվճար ուսուցում է ապահովում շուրջ 200 երեխայի և կանանց համար, ֆինանսավորման խնդիր ունի։ Կենտրոնը գործում է Երևանի Արտաշեսյան 46 հասցեում և աշխատում է անվճար՝ բարեգործական հիմունքներով։ ՀԿ-ի տնօրեն Իռա Թամրազյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր կառույցը գործել է նաև Արցախում, մինչև 2023թ-ը կոչվում էր «Հադրութի ստեղծագործական կենտրոն», դրանից հետո մենք վերաբացվեցինք «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ անվամբ։ Մենք միաժամանակ աշխատում ենք և կանանց, և երիտասարդների հետ։ Եթե մինչև 2023թ-ը աշխատել ենք միայն երեխաների հետ և ունեցել ենք նաև մարզերում մասնաճյուղներ, ապա 2023-ից հետո ունենք նաև կանանց մեծ խմբեր, որոնց համար կազմակերպել ենք տարբեր ստեղծագործական աշխատանքների դասավանդումներ և ունենք արդեն կայացած վարպետներ։ Մարզերում էլ ունենք մասնաճյուղեր, որոնցում գործում է գորգի, կարպետի ասեղնագործության խմբակներ»։

Դասավանդողները կամավորական հիմունքներով են աշխատում․ «Դասավանդող խումբը նույն «Հադրութի ստեղծագործական կենտրոնի» բազայի հիման վրա է։ Մենք Հադրությում տասնամյակներով եղել ենք որպես ՊՈԱԿ, 2021թ. հունվարին Երևանում և Ստեփանակերտում վերաբացվել ենք, մինչև 2023-ը Արցախի կառավարությունը մեզ ֆինանսավորել է, մենք ունեցել ենք աշխատավարձ, իսկ հիմա հատուկ ֆինանսավորում չկա։ Մեծ խմբերը, որ գալիս են մեզ մոտ, հարցնում են, թե ինչպես օգնեն, օրինակ Ժողարվեստների թանգարանից առաջարկեցին ծրագիր անել Արցախի կանանց հետ, նյութերը իրենք առան, մեր վարպետին 3 ամիս աշխատավարձ տվեցին, գոնե վարպետը 3 ամիս իր ընտանիքը կկարողանա պահել, իսկ մենք ընդհանրապես անվճար ենք անում էդ ամեն ինչը։ Մենք պետական որևէ ֆինանսավորում չունենք։ Հիմա մեզ ժամանակ առ ժամանակ օգնում է Թեքեյան կենտրոնը, որ մի բան է լինում, խնդրում ենք` իրենք օգնեն։ Հիմա այս ամիս տարածքի վարձը տալու հնարավորություն էլի չունենք, պիտի զանգեմ խնդրեմ, տեսնեմ` ով կարող է մեզ օգնել։ Եթե այսպես շարունակվի, ես ինչքա՞ն կարող եմ մարդկանց խնդրել, որ օգնեք տարածքի վարձակալության գումարը տանք, դե աշխատավարձը հնարավոր չէ»։

Բայց իրենց երբեմն տարբեր միջոցառումների են հրավիրում, օրինակ Թանգարանների միջազգային օրը Սարդարապատի թանգարանը ցուցադրել է նաև իրենց կենտրոնի աշխատանքները, որտեղ ներկայացրել են Արցախի մշակույթը։ Օրեր առաջ Գյումրիի միջոցառմանն են Արցախյան տաղավար ունեցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *