Հայդելբերգի համալսարանի գիտնականները վերծանել են նիդերլանդական Հեռլեն քաղաքում հայտնաբերված հազվագյուտ հին հռոմեական «անեծքի տախտակի» տեքստը, գրում է Phys.org։
Մոտ 1800 տարվա հնության կապարե արտեֆակտը օգտագործվում էր աստվածներին և դևերին դիմելու համար՝ թշնամուն վնասելու խնդրանքով։ Գտածոյի անսովորությունն այն է, որ տեքստը գրված է ոչ թե լատիներենով, ինչպես Հյուսիսային Եվրոպայի նմանատիպ արտեֆակտների մեծ մասը, այլ հին հունարենով և ձևավորված է եգիպտական մոգական ավանդույթի շրջանակում։
Հին անեծքի տախտակները, որոնք հռոմեացիների մոտ հայտնի էին որպես դեֆիքսիոններ, իսկ հույների մոտ՝ կատադեսմոյներ, լայն տարածում ունեին անտիկ աշխարհում։ Սովորաբար դրանք պատրաստում էին կապարից՝ մետաղից, որը համարվում էր մարդու ճակատագիրը «կապելու» ունակությամբ օժտված։ Նման թիթեղների վրա գրում էին հմայություններ և գաղտնի թաղում դրանք՝ հույս ունենալով ազդել դատական հակառակորդների, մարզական մրցակիցների կամ սիրային մրցակիցների վրա։
Գտածոն արվել է պեղումների ժամանակ՝ հին հռոմեական Կորիովալլում բնակավայրի տեղում, որը գոյություն է ունեցել Ստորին Գերմանիա նահանգում։ Ընդամենը 9,3 x 4,8 սանտիմետր չափերով տախտակը ընկած էր քաղաքային հրապարակի տակ գտնվող փոսում։ Գրեթե ջնջված տեքստը կարդալու համար հետազոտողները կիրառել են ժամանակակից RTI տեխնոլոգիա՝ տարբեր լուսավորությամբ արված բազմաթիվ լուսանկարների համակարգչային մշակման մեթոդ։ Դա թույլ է տվել բացահայտել մակերեսի ամենափոքր մանրամասները և վերականգնել գրությունը։
Տեքստի բովանդակությունն առանձնակի հետաքրքրություն է առաջացրել։ Եգիպտական ոճով տարբեր աստվածություններին և դիվային ուժերին ուղղված դիմումներից բացի, տախտակի վրա առկա են երեք մոգական խորհրդանիշներ՝ այսպես կոչված «խարաքթերներ»։ Հետազոտողների կարծիքով՝ դրանք պետք է գերբնական ուժերին փոխանցեին հեղինակի խնդրանքի էությունը։
Խորհրդանիշներից հետո հետևում են չորս ստրուկների անուններ՝ երկու տղամարդու լատինական անուններով և երկու կնոջ՝ հունական։ Գիտնականները ենթադրում են, որ տախտակը կարող էր ուղղված լինել կամ այս մարդկանց դեմ, կամ, հակառակը, կազմված լինել նրանց անունից՝ անհայտ հակառակորդի դեմ։ Անունների այս կազմը անսովոր է թվում և կարող է արտացոլել բազմազգ Հռոմեական պետությունում մշակույթների խառնուրդը։
Հետազոտողներին հատկապես հետաքրքրել է այն հնարավորությունը, որ հեղինակներից մեկը կարող էր լինել Հռոմեական Եգիպտոսից ժամանած մի կին։ Մասնագետների կարծիքով՝ հենց նա կարող էր իր հետ բերել մոգական պրակտիկաների մասին գիտելիքներ, որոնք կապված էին նման անեծքների միջոցով աստվածային ուժերին դիմելու հետ։
Մեր թվարկության առաջին դարերում Մերձավոր Արևելքի, Եգիպտոսի, հրեական աշխարհի և ձևավորվող քրիստոնեության կրոնական ավանդույթները ակտիվորեն միահյուսվում և տարածվում էին ամբողջ Հռոմեական կայսրությունում։ Հեռլենի տախտակը դարձավ այս մշակութային և կրոնական խառնուրդի հազվագյուտ վկայություն։
Այն ցույց է տալիս, թե Նեղոսի հովտից որքան հեռու կարող էին թափանցել եգիպտական մոգական պատկերացումները և որքան սերտ էին կապված հսկայական կայսրության տարբեր շրջանները։
Ապագայում արտեֆակտը կցուցադրվի Հեռլենի թանգարանում, իսկ վերծանված գրության ամբողջական հրապարակումը հետազոտողներին թույլ կտա ավելի մանրամասն ուսումնասիրել ամենաանսովոր մոգական փաստաթղթերից մեկը, որը գտնվել է հռոմեական աշխարհի հյուսիսային ծայրամասերում։