Իռլանդիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, որի ընթացքում Դուբլինի կենտրոնում հատուկջոկատայինների ծառայողական մեքենայի բեռնախցիկից ընկել է ատր-անակ-գնդացրով պայուսակ։ Այն նկատել է անցորդը և կատարվածի մասին հայտնել մեկ այլ պարեկային անձնակազմի, գրել է The Irish Times թերթը։
Թերթի տեղեկություններով՝ ապրիլին, երբ ոստիկանական մեքենան շարժվում էր Իռլանդիայի մայրաքաղաքի ծովափերից մեկով, անհայտ պատճառով բացվել է դրա բեռնախցիկը, և այնտեղից ընկել է MP7 ատրճանակ-գնդացրով պայուսակ։ Թերթը նշել է, որ մեկ րոպեում գրեթե հազար կրակոց արձակող զենքից բացի՝ պայուսակի մեջ եղել են նաև դրա փամփուշտները։
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, ղեկավարությունը փորձել է ատրճանակ-գնդացրի համար պատասխանատու աշխատակցին ենթարկել կարգապահական պատասխանատվության, սակայն այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ստիկանության հատուկ ստորաբաժանումների նրա գործընկերների շրջանում։
Նման դեպք արձանագրվել էր նաև 2018 թվականին, երբ նույն մոդելի զենքն ընկել էր արագ արձագանքման ջոկատի մեքենայի բեռնախցիկից։ Այդ ժամանակ պայուսակը վերցրել էր պատահական անցորդը և այն ոստիկանություն էր հանձնել միայն միջադեպից կես ժամ անց։ Հետաքննության արդյունքներով՝ զենքը կորցրած աշխատակիցների նկատմամբ որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Դրա փոխարեն ոստիկանությանը խորհուրդ էր տրվել բոլոր մեքենաների բեռնախցիկները համալրել ցանցերով՝ նման դեպքերը կանխելու համար, սակայն այդ առաջարկություններն այդպես էլ ամբողջությամբ չեն իրականացվել։