Ընտրություններից առաջ եւ հետո Նինայի ու Վիկայի կյանքը նույնն է

«Պատերը՝ բլած, կրիշ չկա, պատուհան չկա, մկան համար կատու եմ պահում: Եթե շարունակեմ նկարելը, կլացեք: Մի պուճուր սենյակ ունեմ, հավաքվում ենք էդտեղ, ես ու կատուս, մութ, պատուհան չկա, մի կերպ գիշերում», – Վիկա Շուրկովան է դիմում մեզ հեռավոր Տրետուկ գյուղից: Խնդրում է օգնել, տունը սարքել:

Ինքն էլ կարող էր սարքել, բայց մի տասը ոչխար է պետք դրա համար, որ մի տարի պահի, հաջորդ տարի դա 20 դարձնի, մի երկուսին վաճառի, ավազ առնի, տունը սարքի: Հարցնում եմ՝ Վիկա ջան, ինչո՞ւ չեք դիմում Աննա Հակոբյանին, Նիկոլի կնոջը, որը տարբեր բիզնես ծրագրեր է անում կանանց համար: «Դիմեմ, ի՞նչ անեմ, իմ ձենը իրանց չի հասնի, եթե հասնի էլ, ես բիզնեսից բան չեմ հասկանում, միջնակարգ դպրոց եմ ավարտել»: Դե արի ու բացատրի վարդենիսցի Վիկային, որ կրթվելը նորաձեւ է, որ իր հաշվարկը` ոչխարների մասով արդեն բիզնես-պլան է, որը Աննային դուր կգա: «Բա էդ ոչխարը պահել ա պետք, մարդիկ կան խոտհարք ունեն, օրինակ, բայց ես հող չունեմ: Քանի անգամ եմ մոտեցել գյուղապետարան, խնդրել եմ մի հեկտար հողամաս, որ ցորեն ցանեմ, չեն տալիս», – գանգատվում է ռուս կինը: Նրան բացատրում եմ, որ խոտի ու ոչխարի փողը Աննայից ուզի: Կասկածում է՝ բայց կտա՞: Միակ ռեալ եկամուտը մանկապարտեզի հավաքարարի աշխատավարձն է, մեկ էլ աշնանը մի երկու շաբաթ համագյուղացիների կարտոֆիլը հավաքելն է:

Խարխուլ, կիսաքանդ տունը նրա համար «դասավորել» է քաղաքապետարանի աշխատող Եղիազարյան Ալիկը: Վիկայի համար այդ ավերակը գնել է մի հոլանդացի, 1 մլն 224 հազար դրամով, դեռ Սերժի օրոք: «Պատ չկար, մի կերպ պատ եմ շարել` 1 միլիոն 224 հազար դրամ: 13 տարի ա իմ տունն ա: Ձմռանը պատերի ճաքերի մեջ շորեր եմ խցկում, որ շատ ցուրտ չլինի: Գարունն էլ սաղ կաթում ա, ջրհեղեղ ա լինում, պոլերս ավելի են փթում», – պատմում է Վիկտորիա Շուրկովան:

Վիկան

Նրա ազգանունը շատերը չեն կարողանում ճիշտ հիշել ու արտաբերել: Այնքան տարօրինակ է հայերի համար այդ ազգանունը, որ անձնագրային բաժնի աշխատողը որդու՝ Վիտալիի անձնագրում գրել է Շուրկովա Վիտալի, ու հիմա Վիկան անհարմար է զգում, որ որդին կանացի ազգանուն ունի, ու բոլորին պատմում է, որ անձնագրայինի աշխատողն անգրագետ է եղել:
Պետությունից Վիկան խռոված է ոչ միայն որդու ազգանունը սխալ գրելու, իրեն չօգնելու պատճառով, ոչ միայն, որովհետեւ կյանքի լուսանցքում է հայտնվել: «Նիկոլը կանգնում ա, ասում՝ Ղարաբաղը մերը չի, բայց իմ երեխային ուղարկել ա Ղարաբաղ, ծառայելու, ու իմ երեխան այնտեղից հոգեկան հիվանդությունով ա տուն եկել: Իրա «վայեննի բիլետում» գրած ա՝ «7-ի Գ»: Ինքը մի ամիս Երևանում գժանոցում պառկած ա եղել, ես գնացել եմ մոտը», – ասում է Վիկան, ու սա է նրա իրական ողբերգությունը:

Տղան զորակոչվել է 2020 թվականի օգոստոսին, ծառայել է «Եղնիկներում»: Մեկ ամսից պատերազմը սկսվել է: Մեկ ամսվա նորակոչիկ էր: Վիկային շատ բան չի պատմել: Նա գիտի միայն, որ երբ զորամասը պայթեցրել են, հրամանատարը տղաներին բարձրացրել է անտառ` առանց նասկի, լաթիկներով: Երկնքից ֆոսֆոր էր թափվում: Նորակոչիկ էին, անփորձ տղաներ: «Որ եկավ` ոտքերը վերքեր էին: Մինչև պատերազմ գնալը նորմալ տղա էր, որ հետ եկավ, գիշերը վեր էր թռնում, ձեռը խփում էր պատերով: Առաջ չկար տենց բան, կամիսիա ա անցել, առողջ երեխա էր: Իսկ հիմա լրիվ փակվել ա», – հիշում է մայրը:

Հոգեկան խնդիրներ ստացած տղային մեկ ամիս հոսպիտալում պահելուց հետո, որտեղ նրան շշմեցնող սրսկումներ էին անում, կրկին տարել են բանակ, այս անգամ Կողբի զորամաս: «Լրիվ ծառայել է, պոլնի երկու տարի: 22 թվականին տուն եկավ, ուղարկեցի Ռուսաստան, որ գնա այնտեղ աշխատի: Մի տարի է` հետ է եկել, հիմա Երևանում է, աշխատանք է փնտրում», – պատմում է Վիկան անտարբեր ձայնով:

Նրա հետ զրուցելու ընթացքում մեզ միանում է Վիկայի միակ ընկերուհին՝ Նինա Հարությունյանը: Նա էլ է Տրետուկից` միայնակ թոշակառու: Պատմում է, որ Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը ընտրություններից առաջ եկել էր Տրետուկ՝ բա պետք է մի բան անեք, Փաշինյանին ընտրեք: Նինան էլ, թե` ոչ մի դեպքում, ջրիս հարցը լուծեցի՞ք, որ ընտրեմ:


Նինան

Նինայի ջուրը դարձել է հայոց հարց: Հարեւանները իր «վենտիլը» ամառ -ձմեռ փակում են` Նինան ջուր չունի: Ցամաք խողովակին, որը հասնում է Նինայի բակ, կատակով անվանում են Նինայի աղբյուր, որը միշտ չոր է: Բա լավ չի՞, որ թոշակը բարձրացել է, ինչո՞ւ Նիկոլին չեք ընտրել՝ հարցնում եմ: «Ինչի՞ համար իրան պետք է ընտրեմ: Առաջվա գյուղապետը քաղաքապետի երկրորդ տեղակալն ա, նա մեր քաղաքապետին համոզում ա, որ իմ տունը բարձր ա, ջուր չի գալիս: Քաղաքապետը եկավ գյուղ, բայց մեր տուն չեկավ, ես էլ նկարը ցույց տվեցի, որ համոզվի, որ իմ տունը բարձր չի: Ուղղակի վենտիլից կտրում են, չի գալիս իմ տուն», – պատասխանում է կինը: Բայց ընդդիմությանը եւս չի ընտրել: Համարյա նույն պատասխանն էլ նրանց է տվել: «Ընդդիմությունից էլ էին եկել, ասեցին` ինչ հարց ունես, ջրի մասին ասեցի, ոչ մի բանով չօգնեցին: Ասեցի՝ ձեզ էլ չեմ ընտրելու»:

Տրետուկ գյուղում մեծ, նախնադարյան ամբար կա, որտեղ հաճախ մկներ, առնետներ են ընկնում: Կրծողների փտացող մարմինները խցանում են խողովակները, այդ ամբարի ջուրը վտանգավոր է առողջության համար: Այնպես որ, եթե անգամ Նինայի աղբյուրից ջուր գա, այդ ջուրը խմելու համար պիտանի չի, եւ խմելու ջուրը թոշակառու կինը կրկին ստիպված է լինելու գյուղամիջից բերել, որը կես կիլոմետր հեռու է իր տնից: Այսպես էլ ապրում են: Ընտրություններից առաջ եւ հետո Նինայի ու Վիկայի կյանքը նույնն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *