Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը, հաղորդում է Mehr-ը։
Ըստ նրա, Իրանը մտադիր չէ նեղուցը բացել նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն սպառնում է իրեն կամ հարվածներ հասցնում։
«Իրանը պարտավորություն կստանձնի ապահովել Հորմուզի նեղուցի բացումը միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ո՛չ կսպառնա Իրանին, ո՛չ էլ կհարձակվի նրա վրա», — հայտարարել է Ռեզային իրանական պետական հեռուստատեսության եթերում։
Նա «մեծ սուտ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նեղուցի բաց լինելու մասին։ Ըստ Ռեզայիի, ամերիկյան կողմը փորձում է Հորմուզով անցկացնել նավեր՝ շրջանցելով Իրանի սահմանած սահմանափակումները։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է անցկացնել հինգից վեց նավ, սակայն դրանցից որոշները ենթարկվում են հարձակումների։
Միաժամանակ Ռեզային հայտարարել է, որ Իրանը դեռ որոշում չի կայացրել խորտակել նման նավերը, քանի որ դրանք նավթ են տեղափոխում, իսկ դրանց ոչնչացումը կարող է վնաս հասցնել տարածաշրջանի շրջակա միջավայրին։ Ավելի վաղ իրանական իշխանությունները նաև հայտարարել էին Հորմուզի նեղուցից դուրս նոր արգելված գոտու նախապատրաստման մասին։ Ռեզային հայտարարել է, որ ցանկացած նավ, որը կմտնի այդ գոտի, կներառվի պատժամիջոցների ցանկում։
Ռեզային նաև հայտարարել է, որ մոտ 48 ժամ առաջ Իրանն առաջին անգամ փորձարկել է նոր հակառազմանավային հրթիռը ամերիկյան ավիակրի անմիջական հարևանությամբ։ Նրա պնդմամբ, հրթիռը ստիպել է ամերիկյան ուժերին նահանջել։ ԱՄՆ-ի կողմից այս տեղեկատվության անկախ հաստատում չի ստացվել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան ավիակրի և կործանիչի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին։
Խոսելով Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների մասին՝ Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախ պետք է շահի Իրանի վստահությունը։ Ըստ նրա, երրորդ կողմերի միջնորդությամբ ձեռք բերված նախորդ համաձայնագրի գլխավոր խնդիրներից մեկը եղել է այն, որ Թեհրանը վստահություն չի ունեցել միջնորդների երաշխիքների նկատմամբ։ Միաժամանակ, ըստ նրա, Իրանը շարունակում է դիվանագիտական ջանքերը, սակայն պահանջում է կոնկրետ երաշխիքներ։
Ռեզային նաև մերժել է այն հայտարարությունները, թե ամերիկյան տնտեսական շրջափակումը իբր հանգեցրել է Իրանում պարենամթերքի լայնածավալ պակասի։ Նա նշել է, որ երկրի իշխանությունները նախապես պատրաստվել էին նման սցենարի և ունեն սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների բավարար պաշարներ։ Ռեզային պնդել է, որ Իրանը շարունակում է նավթ վաճառել և ստանալ դրա արտահանման եկամուտը։
Ռեզային հայտարարել է, որ Իրանը «ջախջախիչ հարված» է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան «Տիտան» բազային։ Նա տեղեկացրել է, որ իրանցի զինվորականները նախապես բացահայտել էին ամերիկյան մի շարք օբյեկտներ, որոնք կարող էին դառնալ թիրախներ, սակայն միտումնավոր հարվածներ չէին հասցրել դրանց։ Ռեզային պնդել է, որ այդ օբյեկտներից որոշների ուղղությամբ հարվածներից հետո Թրամփը հրաժարվել է իր հայտարարած տասնօրյա պատերազմի շարունակությունից։
Մեկնաբանելով Լիբանանում իրավիճակը՝ Ռեզային հայտարարել է, որ երկիրը «կրկին ոտքի կկանգնի», իսկ պատերազմի ելքը չի կարելի գնահատել բացառապես առանձին կողմերի հաղթանակներով կամ պարտություններով։ Միաժամանակ նա պնդել է, որ «առավելությունը միշտ եղել է» լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմը»։
Եզրափակելով՝ Ռեզային հայտարարել է, որ Իրանը իրեն է վերապահում հարսանեկան արարողության վրա հասցված հարվածին պատասխանելու իրավունքը։