Պակիստանում ճանապարհի եզրին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Պախտունխվա նահանգի Բուներ շրջանում, ճամփեզրին տեղադրված երկու պայթուցիկ սարքերի գործարկման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ առաջին պայթյունի թիրախը եղել է անցնող ավտոմեքենան, իսկ երկրորդը որոտացել է որոշ ժամանակ անց, երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Իրավապահ մարմինները հստակեցրել են, որ երկու պայթուցիկներն էլ գործի են դրվել հեռակառավարմամբ։

Ոստիկանության բարձրաստիճան սպա Յասիր Աֆրիդին հայտնել է, որ առաջին պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս երկուսն էլ երկրորդի ժամանակ։ Կա նաև երեք վիրավոր։

Հարձակումներից հետո տարածաշրջանում որոնողական գործողություն է սկսվել՝ մեղավորներին հայտնաբերելու նպատակով։

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Այդուհանդերձ, նման դեպքերում Պակիստանի իշխանությունները սովորաբար կասկածում են «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» (ԹԹՊ) շարժմանը, որը նախկինում բազմիցս հայտարարել է նմանատիպ հարձակումների մասին։

Այս կազմակերպությունը գործում է աֆղանական «Թալիբանից» անկախ, սակայն, պակիստանյան իշխանությունների տվյալներով, կապեր ունի դրա հետ և սահմանամերձ շրջաններն օգտագործում է թաքնվելու համար։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին իր հայտարարության մեջ նախազգուշացրել է «ահաբեկչությանը սատարող ներքին ու արտաքին ուժերին»՝ առանց կոնկրետ խմբավորումներ նշելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *